Հունիսի 25-ին հայաստանյան լրատվական կայքերից մեկը՝ times.am-ը, տեղեկություն տարածեց, թե 2012 թ. մարտի 27-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Քուոմոն ընդունել է մի բանաձև, ըստ որի` մարտի 31-ը ճանաչվում է որպես «Ադրբեջանական հիշատակի օր Նյու Յորք նահանգում»:
Բանաձևի հիմնավորումն այն է, թե 1918 թ. մարտի 30-ին հայ դաշնակցական կուսակցության անդամների կողմից, բոլշևիկների հետ համատեղ, սկիզբ է առել ադրբեջանցիների դեմ «ցեղասպանությունը», որին զոհ է գնացել շուրջ 20.000 անմեղ ադրբեջանցի:
Փորձեցինք պարզել՝ այդ տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Նախ կապ հաստատեցինք արտաքին գործերի նախարարության, ապա ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:
ԱԳՆ-ից հայտնեցին, որ պաշտոնական գրություն են ուղարկել նահանգապետի գրասենյակ և սպասում են պատասխանի, Կիրո Մանոյանն էլ ասաց, որ տեղյակ է բանաձևից և պարզաբանեց, որ այն Նյու Յորքի նահանգի Սենատին է ներկայացվել Սենատի հանձնախմբերից մեկի կողմից, սակայն իր ունեցած տեղեկություններով՝ չի ընդունվել, ուստի նահանգապետը չէր կարող հաստատել:
Հաջորդ օրն առավոտյան պարզվեց, թե ինչ է եղել իրականում: Նման բանաձև Սենատին իսկապես ներկայացվել է և ընդունվել, սակայն այն չի հաստատվել նահանգապետի կողմից, ավելին, նահանգապետի գրասենյակում անգամ տեղյակ չեն եղել, որ նման բանաձև գոյություն ունի:
Ի՞նչ բանաձև է դա և ի՞նչ ուժ կարող է ունենալ: Ըստ Կիրո Մանոյանի, Նյու Յորքի օրենսդրական մարմնում շատ են ընդունվում նման բանաձևեր, որոնք այնքան աննշան ու անկարևոր են, որ դրանց վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվում, և նույնիսկ քվեարկության չեն դրվում: «Այս բանաձևի պարագայում, մանրամասն հետազոտելով այդ օրվա անցկացված քվեարկությունների արձանագրությունները, պարզեցինք, որ որևէ քվերակություն չի էլ եղել,- ասաց նա,- իսկ երբ փորձեցինք հստակեցնել Նյու Յորքի խորհրդարանում և նահանգապետի գրասենյակում, թե դա ինչ է, իրենք էլ էին զարմացած և, ինչու չէ, անհանգստացած»:
Շարունակությունն` այստեղ