Tert.am-ը գրում է.
Թեև 1915թ-ի Հայոց ցեղասպանությունից անցել է մոտ մեկ դար, բայց մինչ օրս բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր իրենց ընտանիքի պատմությունն են մեզ գրում, ուղարկում, իսկ դրանք ցնցող պատմություններ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ասաց Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
Նա նշեց, որ այսօր հատկապես Թալինի շրջանում եղեռնածին սերունդ է բնակվում, որոնց հետ իրենք աշխատում են, հավաքում նրանց պատմածները, անգամ նկարներ ստանում և այդ նյութերը տրամադրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
«Հիմա նախապատրաստվում ենք մի համաժողովի՝ եղեռնազարկված ժողովուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ դրանք 28-ն են: Մենք նրանց հրավիրել ենք ու Երևանում մեծ համաժողով կանենք: ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում ունենք Սփյուռքի ամբիոն և խնդրել ենք ամբիոնի վարիչին, որ բոլոր նյութերը՝ գրականության և պատմության հետ առնչվող, այս տարի նվիրեն Եղեռնի թեմային: Պետք է նշեմ, որ մեր երիտասարդները շատ ճկուն մտածողություն ունեն և այնքան տեղեկացված են, որ նրանց առաջադրած թեմաները շատ լուրջ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասաց նա:
Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ ներկայիս սերունդն այնպիսի կարևոր հարցադրումներ է անում այս ոլորտում, որոնց չեն անդրադարձել նախկին սերունդներն ու անգամ ցեղասպանագետները:
«Օրինակ՝ ուսանողներից մեկը մի աշխատություն էր գրել այն մասին, թե 1915 թ-ին ինչու հատկապես հայերի նկատմամբ կատարվեց ցեղասպանություն մի երկրում, որտեղ ապրում էին շուրջ 20 ազգեր: Նա շատ հետաքրքիր դատողություններ էր արել: Իրականում այսօր շատ լուրջ աշխատանքներ են արվում, բայց տեսնենք, թե ինչպես կկարողանանք դրանք բերել, հասցնել մի հանգուցակետի, որ աշխարհի ուշադրությունը գրավենք, քանի որ մեր նպատակը հենց դա է»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



