Newsbook.am-ը գրում է.

Այսօր, չգրված օրենքի համաձայն, Սերժ Սարգսյանը պիտի ասուլիս հրավիրեր և ամփոփեր իր մեկամյա գործունեությունը, քանի որ փետրվարի18-ն է, այսինքն մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների տարելիցը: Բայց Սերժ Սարգսյանն իր այդ ասուլիսը ԵԿՄ համագումարում արեց՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ իր համար հանրություն և հանրային իրազեկում հասկացությունները գոյություն չունեն, որ ինքն արհամարհում է իշխանությունից ներքև կանգնածներին ու եթե անգամ ինչ-որ մեկին էլ կարևորում կամ շփվում է նրա հետ, ապա ամեն ինչ ձևական է, հաստատ ինչ-որ շահերով թելադրված։

Սերժ Սարգսյանը ասուլիս չհրավիրելու պատճառներ, իհարկե, չուներ, քանի որ ումի՞ց պիտի վախենար, այդ ի՞նչ անսպասելի հարց պիտի լիներ։ Սովորականի նման պիտի հրավիրվեին հավատարմության երդում տված լրատվամիջոցների մոտ երկու տասնյակ ներկայացուցիչ, «ստերիլ,, հարցեր պիտի հնչեին ու նույնքան «ստերիլ,, պատասխաններ։ Հետևաբար, ոչ թե անսպասելի հարցերից վախը, այլ հաշվետու չլինելու, հանրային կարծիքն արհամարհելու դրսևորում էր այս ամենը։

Մեր երկրում նախագահի վարկանիշը պարզմանն ուղղված հարցումներ չեն անցկացվում, որևէ կազմակերպության չի հետաքրքրում, թե ինչ վարկանիշ ունի երկրի նախագահը կամ ինչպիսի կորագծերով է զարգանում կամ անկում ապրում վարկանիշը: Նախագահականն է, որ պարտավոր էր նման մոնիթորինգ անցկացնել, նույնպես չի զբաղվում այդ խնդրով: Ինչի՞ն է պետք, քանի որ ակնհայտ ու անմերժելի է, որ թե ինչպես մեկ տարի առաջ փետրվարի 18-ին, այնպես էլ հիմա, Սարգսյանի վարկանիշը չի կարող անցնել 10-15 տոկոսոից: Ինչու՞ զբաղվել, ինչու՞ հետաքրքրվել: Կամ մի՞թե մեր նախագահին իր վարկանիշը հետաքրքրում է:

Կարևորն այն է, որ ինքը համարվում է երկրի առաջին դեմքը, զբաղեցնում է նախագահի աշխատասենյակը, անում է այն, ինչ ուզում է, ինչպես ուզում է։ «Մուծվողները,, մուծվում են, «չմուծվողները,, նետվում հեռու: Կարևորը դա է: Հա, մեկ էլ Սարգսյան եղբայրների ավելացող եկամուտները: Հատկապես Սաշիկի, որը հիմա էլ արագաչափերից է եկամուտներ ստանում։ Երևի հենց Սաշիկի ավելացող եկամուտներն էլ նկատի ունենալով, Սերժ Սարգսյանը խոսում է տնտեսական երկնիշ աճի, երկրում տիրող բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի մասին, այպանում չուզողներին։

Իհարկե, Սերժ Սարգսյանը չտեսնելու է տալիս, որ չուզողները մի քանի հոգի չեն, այլ մի ողջ ժողովուրդ, օրավուր ավերվող և ինքնիշխանության կորստի անդունդը գահավիժող երկիր։ Նա շարունակում է ծիծաղել բոլորի վրա ու առաջ գնալ՝ լավամարդ երևալով Պուտինի մոտ, իրեն շրջապատող ու երկիրը թալան տվող պաշտոնյաների մոտ: Կարևորը հենց այս կլանի շահերն են: Թե չէ ժողովուրդը Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք։

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել