Tert.am-ը գրում է.
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե գիտակցո՞ւմ է, որ շախմատային լեզվով ասած՝ «ձեռք ես տվել, պետք է խաղաս», ասաց. «Մեր համագործակցության այս կարճ հետագիծը՝ կապված կուտակային ֆոնդի, գազի գնի և 300 միլիոն դոլարի պարտքի հետ, ցույց տվեց, որ շատ լավ գիտակցում ենք՝ ինչ ենք անում և ամենակարևորը՝ գիտենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է հասարակական լայն խավերի պահանջը, ինչը կարծում եմ՝ կապահովի մեր հետագա համագործակցությունը: Նշենք, որ այսօր ավելի վաղ Ռուբիկ Հակոբյանի աշխատասենյակում տեղի էր ունեցել ոչ իշխանական 4 ուժերի՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով հանդիպումը։
-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կգնահատեք Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով առաջին խորհրդակցությունը:
-Արդյունավետ աշխատանքային հանդիպում էր ոչ իշխանական ուժերի այս ձևաչափում: Քննարկվում էր Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, խմբակցություն ներկայացրեց իր նախագիծը: Այսինքն՝ մենք սեղանին այսօր ունենք 4 նախագիծ։ Եվ, բնականաբար, այդ 4 նախագծերը պետք է քննարկվեն ոչ միայն խորհրդարանի ձևաչափով, այլ նաև կուսակցությունների:
-Եվ համադրվեն:
-Եվ համադրվեն: Այս առումով քննարկումները պետք է գնահատեմ արդյունավետ: Ճշտեցինք մեր դիրքորոշումները, որոնք բնականաբար, պետք է ներկայացվեն կուսակցությունների քաղաքական մարմիններում, և առաջիկա մի քանի օրերին արդեն կլինի նոր աշխատանքային հանդիպում: Եվ ես կարծում եմ, որ 4 խմբակցությունների հետ կներկայացնենք համատեղ նախագիծ:
-Իսկ 4 ուժերի նախագծերը էականորեն տարբերվե՞լ են իրարից:
-Պետք է ասեմ հետևյալը. մենք, նախ, ճշտեցինք մի սկզբունք, որը շատ կարևոր է, որ քանի դեռ վերջնական, ամբողջական համաձայնության չենք եկել, որևէ տարբերությունների կամ նմանությունների մասին ոչինչ չենք ասում: Քանի որ, ըստ էության, կան ուժեր, որոնք, բնական է, և դա նաև մտնում է քաղաքական տեխնոլոգիայի տրամաբանության մեջ, կփորձեն նույնիսկ թվացյալ հակասություններն օգտագործել՝ հակադրելու այս ձևաչափում գտնվող 4 ոչ իշխանական ուժերին, թույլ չտալու, որ կայանա այս հնարավոր, հետագա համագործակցությունը: Եվ մենք, պետք է ասեմ, որ մեկ անգամ ևս փաստեցինք, ճշտեցինք, որ բոլոր 4 ուժերը շահագրգռված են, որպեսզի այս ձևաչափը շարունակի իր գործունեությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



