Lragir.am-ը գրում է.
Արմնյուզին տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին պատասխանել է Իրանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնություններին: Նրա խոսքով, Ադրբեջանցի պաշտոնյաները, որոնք նման խնդիրներ են ներկայացնում, գիտեն, որ եթե խոսք գնա պատմական պահանջների արծարծման մասին, բազմաթիվ նմանատիպ հարցեր կարող են արծարծվել: Եվ այդ ժամանակ է, որ շատ երկրների, և այդ թվում հենց Ադրբեջանի ինքնիշխանությունը կարող է հարցականի տակ դրվել:
Իրանի դեսպանն ասել է նաեւ, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին շուտով կայցելի Հայաստան:
Իրանի նախագահի առաջիկա այցը Հայաստան ըստ ամենայնի առանցքային նշանակություն կունենա: Բանն այն է, որ համաշխարհային քաղաքականության ներկայիս տրամաբանության ու միտումների ֆոնին Իրանը դառնում է տարածաշրջանի առաջատար պետությունը: Ընդ որում, դա կատարվում է հսկայական քայլերով, թեեւ Արեւմուտքի ու Իրանի հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում դանդաղ:
Տասնամյակների պատժամիջոցները, ճիշտ է, հարվածել են Իրանի տնտեսությանը, սակայն քաղաքականապես Իրանը կարողացել է պահպանել իր ամրությունը եւ արժանապատվությունը: Իրանը մշտապես առանձնացել է քաղաքական շիտակությամբ եւ սկզբունքայնությամբ, եւ քաղաքականության մեջ չի առաջնորդվել առեւտրի փիլիսոփայությամբ, ի տարբերություն իր շատ հարեւանների:
Իրանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան պետություն, եւ կցանկանար նրա հետ հաստատել գործընկերային հարաբերություններ: Հայաստանի անկախացումից ի վեր Իրանն անգնահատելի դեր է խաղացել Հայաստանի ու Ղարաբաղի պետականությունների կայացման գործում, միջազգային ասպարեզում որդեգրելով հավասարակշիռ ու վստահելի դիրքորոշում:
Կան բաներ, որոնց մասին բարձրաձայն չի խոսվում, սակայն պետք է նշել, որ Իրանը, ինչպես դեսպանն է մի առիթով հայտարարել, Հայաստանի հետ հարաբերություններում մշտապես առաջնորդվել է ոչ թե առեւտրային շահերով, այլ քաղաքական, Հայաստանին դիտարկելով որպես գործընկեր եւ նպաստելով նրա միջազգային դերի կարեւորմանը:
Սեպտեմբերի 3-ից հետո իրավիճակը փոխվել է, եւ Իրանը կարիք ունի ճշտել Հայաստանի հետ կապված խնդիրները: Սեպտեմբերի 3-ը հարված էր ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությանը, այլեւ Իրանի դիրքերին:
Իրանն ամեն ինչ արել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, Հայաստանի շրջափակումը ճեղքելու համար: Իրանը շահագրգռված է եղել, որպեսզի սահմանակից տարածքներում չհայտնվեն օտարերկրյա «խաղաղարարներ», եւ այդ տարածքները մնան հայկական ուժերի հսկողության տակ: Այդ նպատակով, Իրանը նաեւ օգնել է ենթակառուցվածքների հարցում: Իրանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը ներգրավվի էներգետիկ խոշոր նախագծերում, որոնք իրանական էներգակիրները պետք է հասցնեն Եվրոպա:
Իրանը համաձայնություն էր տվել Հայաստանի հետ խոշորածավալ բազմաթիվ նախագծերի իրականացմանը, ինչպիսիք են հայ-իրանական երկաթուղին, գազամուղը, նավթավերամշակման համալիրը եւ այլն: Սակայն, գազամուղը հայտնվեց Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ մյուս նախագծերը մնում են թղթի վրա, կարելի է ենթադրել, թե ինչու:
Սեպտեմբերի 3-ից հետո այս ամենը հայտնվել է վտանգի տակ: Ընդհանրապես, ստեղծվել է յուրօրինակ իրավիճակ, երբ Իրանը շահագրգռված է Հայաստանով, սակայն Հայաստանից որեւէ ազդանշան չկա: Այն պայմաններում, երբ համաշխարհային քաղաքականության այս միտումները բացառիկ բարենպաստ իրավիճակ են ստեղծում հենց Հայաստանի համար:
Այս հարցերը, բնականաբար, կարիք են զգում նախագահական մակարդակով պարզաբանման: Եւ պատահական չէ, որ Ռոհանին ժամանում է Հայաստան:
Ի՞նչ է ասելու նրան Սերժ Սարգսյանը: Ասելու է, որ Հայաստանը հրաժարվո՞ւմ է այս բացառիկ բարենպաստ իրավիճակից: Որ հրաժարվո՞ւմ է շահավետ էներգետիկ ու տնտեսական այլ նախագծերից: Որ Մոսկվան թույլ չի՞ տալիս իրականացնել Հայաստանի շահից բխող քաղաքականություն:
Քաղաքական նոր գործընթացները մեր տարածաշրջանում զարգանում են մեծ արագությամբ, եւ պետությունները պետք է ճշտեն իրենց քաղաքականությունն ու նպատակները: Այս զարգացումները պետությունների մի մասին բարձրացնելու են նոր մակարդակի, իսկ մյուս մասը, որը հրաժարվում է ինքնիշխանությունից ու դերակատարումից, մնալու է լուսանցքում, դրանից բխող հետեւանքներով:
Իրանը Հայաստանից սպասում է հստակ պատասխան: Իրանը ճշտելու է, թե արդյոք Հայաստանն ունի իր բացառիկ շանսն օգտագործելու կամք եւ ցանկություն: Սա այն բացառիկ դեպքն է, երբ մեկ այլ պետության շահերը գրեթե ամբողջովին համընկնում են Հայաստանի շահերի հետ:
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ



