Hayeli.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահի հանրահայտ խորհրդական Սերգեյ Գլազեւը կրկին անցել է գործի․․․ Հերթը Ուկրաինայինն է․․․ Այս անգամ, սակայն, ավելի ցինիկ, ապշեցուցիչ ու ջղաձիգ, բայց ավելի կոնկրետ:
Չարաբաստիկ Գլազեւը, ըստ «Aravot.am»-ի, կարծիք է հայտնել, թե Ուկրաինայի իշխանությունները պետք է ուժ կիրառեն Մայդանը ցրելու համար եւ իբր Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տարածքում մարզում եւ զինում են ապստամբերին:
«Մեր ունեցած տվյալներով՝ ԱՄՆ-ն շաբաթական 20 միլիոն դոլար է ծախսում Ուկրաինայում ցույցերը ֆինանսավորելու, այդ թվում՝ զենքով ապահովելու, ընդդիմության եւ ապստամբների վրա», – ասել է Սերգեյ Գլազեւը Коммерсант-ին տված հարցազրույցում՝ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը համեմատելով շիզոֆրենիայի հետ՝ բացատրելով այն, որ երկու կողմերն էլ խուսափում են ճշմարտությունից, իսկ սուտը դարձել է իրականություն, ու դրա հետ մեկտեղ կողմերն իրենց հարմարավետ են զգում: «Այն, ինչ տեղի է ունենում Կիեւում, հստակ նկարագրված է ուկրաինական օրենսդրության մեջ՝ բռնի ուժով իշխանության տապալում: Գրավվել են վարչական կառույցներ, նույնիսկ նախագահական շենքի վրա է գրոհի փորձ եղել: Ոչ միայն ուկրաինական, այլեւ միջազգային օրենսդրությամբ է այս ամենը որակվում որպես հեղաշրջման փորձ: Իսկ շիզոֆրենիան այստեղ այն է, որ բոլորը վախենում են իրերն իրենց անուններով կոչել: Արեւմուտքը ահաբեկիչներին ու զինված ապստամբներին անվանում է «ակտիվիստ», փորձում է իրենց ներկայացնել որպես խաղաղ ցուցարարների, թեպետ բոլորը տեսնում են, թե ոնց են նրանք հարձակվում ոստիկանության վրա, նետում «մոլոտովի կոկտեյլներ», այրող նյութեր պատրաստում, զինվում… իսկ իշխանությունները պետությունը պաշտպանելու իր պարտականությունները չի կատարում՝ ապստամբների հետ խոսելով իբրեւ օրինապահ քաղաքացիներ»:
Ըստ Գլազեւի Ուկրաինայի՝ իշխանությունները վախենում են կտրուկ գործողությունների գնալ Արեւմուտքի սպառնալիքների պատճառով, հատկապես ԱՄՆ-ի: «Միացյալ Նահանգներն արդեն սպառնացել է Յանուկովիչի ընտանիքին եւ օլիգարխներին, որ իրենց սեւ ցուցակի մեջ կանցկացնեն՝ սառեցնելով իրենց բոլոր ակտիվները, հաշիվները եւ ունեցվածքի բռնագրավմամբ: Իշխանությունները փորձում են պահպանել իրենց միլիարդները», դժգոհել է Գլազեւը՝ նկատելով, թե Ուկրաինայի իշխանությունները սխալ են գործում՝ ձգձգելով ուժային գործողություններով ճգնաժամը լուծելը, եւ, եթե Մայդանն ինքն իրեն չցրվի, ցույցերը ճնշելու համար ուժ կիրառելն անխուսափելի կլինի:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Երբ Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը նախկին խորհրդային երկրների նկատմամբ պաշտպանողները փորձում են արդարացնել Ռուսաստանի քայլերը, իսկ առավել «ստեղծագործողները» փորձ են անում ներկայացնել, թե Ռուսաստանն ամենեւին էլ չի խառնվում նախկին խորհրդային պետությունների ներքաղաքական խնդիրներին, ապա նրանց արժե հարց ուղղել՝ ինչպե՞ս են գնահատում ռուս պաշտոնային վերոնշյալ «խորհուրդները» ուղղված Ուկրաինայի իշխանություններին․․․ Դրանք առավել, քան բաց են ու միանշանակ:
Ահա, հենց այսպիսինն է այսօրվա Ռուսաստանը՝ նա ձգտում է ունենալ իր վերահսկողության տակ գտնվող եւ «կանխատեսելի» այնպիսի ղեկավարություններ, որոնց հարկ եղած ժամանակ անկաշկանդ, առանց ավելորդ ձեւականությունների ուժ կիրառելու կոչեր անի՝ ընդդեմ ընդվզող եւ փողոց դուրս եկած հասարակությունների:
Սա է այսօրվա Ռուսաստանը․․․ Գլազեւը եւ, ընդհանրապես, ռուսական ողջ իշխանական էլիտան անկեղծորեն մտածում ու ասում է այն, ինչ ասվել ու բացատրվել է Գլազեւի շուրթերով: Նա իսկապես, չի էլ փորձել թաքցնել Ռուսաստանի իրական նպատակներն ու ձգտումները Ուկրաինայում: Նույն ձգտումն է բոլոր հետխորհրդային երկրների նկատմամբ, Ուկրաինայում ավելի բացահայտ ու ջղաձիգ արտահայտությամբ, քանի որ Ուկրաինայի «կորուստը» Ռուսաստանի համար դա նույնն է, ինչ կայսրապաշտական ձգտումների տապալումը:
Իսկ ոմանք ասում էին՝ ի՞նչ է տալու «անբարոյական» Արեւմուտքի հետ բարեկամությունը, ի՞նչ ունենք «սովորելու» ԵՄ-ից․․․
Սա չէ՞ իրական Ռուսաստանը․․․ Նախօրեին, օրինակ, Մոսկվայի Կիեւսկի երկաթուղային կայարանի՝ «Եվրոպայի առեւանգումը» շատրվանային համալիրի մոտ մարդիկ են ձերբակալվել: Իսկ ավելի վաղ ձերբակալվել են մարդիկ, ովքեր Մանեժնի հրապարակում ի պաշտպանություն «Դոժդ» հեռուստաալիքի անձրեւանոցներով ակցիա էին իրականացնում: Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ ձերբակալում են ընդամենը այն բանի համար, որ նրանք կանգնել են անձրեւանոցներով:
Մետաքսյա Շալունց