ԱԺ­-ում մեկնարկած հերթական քառօրյան բավականին թեժ մեկնարկեց և հարուստ էր ուշագրավ իրադարձություններով. նախ, «Ժառանգություն» խմբակցության ղեկը կրկին ստանձնեց Ռուբիկ Հակոբյանը, ով ամիսներ առաջ հրաժարվել էր ֆրակցիայի ղեկավարի պաշտոնից` այն զիջելով Զարուհի Փոստանջյանին: Սակայն Զարուհի Փոստանջյանի` ուսման նպատակով ԱՄՆ մեկնելը ոչ միայն խառնեց Ռուբիկ Հակոբյանի, այլև Թևան Պողոսյանի խաղաքարտերը, ով ավելի վաղ հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, սակայն ստիպված եղավ մտափոխ լինել` հետ վերցնելով ԱԺ նախագահին ներկայացված դիմումը:

Իրականում և’ Թևան Պողոսյանի, և’ Ռուբիկ Հակոբյանի որոշումների հիմքում կուսակցության շահն էր, քանզի եթե Թ. Պողոսյանը վայր դներ մանդատը, ապա արդեն պարզ էր, որ խորհրդարան էր գալու «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը` առավելություն ապահովելով «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ: Եթե դրան էլ ավելացնենք Զարուհի Փոստանջյանի` ԱՄՆ մեկնելը, ապա կստացվեր, որ 5-6 ամիս, խմբակցությունը դե ֆակտո ներկայացնելու է միայն Ռուբիկ Հակոբյանը:

Քառօրյայի մեկնարկում խորհրդարանական ոչ իշխանական ուժերը առաջ քաշեցին «գազային համաձայնագրերն» ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման գաղափարը, իսկ ավելի ուշ, որոշեցին բոյկոտել ԱԺ հաշվիչ հանձնաժողովում թեկնածու ներկայացնելու հարցը: Դա պայմանավորված էր նրանով, որ ՀՀԿ­ն առաջարկում էր հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվն ավելացնել` հասցնելով 11-­ի, որտեղ 5 տեղ կստանային ՀՀԿ-­ականները և մեկական տեղ` մնացած խմբակցությունները (այս դեպքում կոալիցիոն ուժերը մեծամասնություն են ստանում):

ԱԺ ոչ իշխանական ուժերի համագործակցությունը դրսևորվել էր նաև նախորդ տարիներին, սակայն տարվա մեկնարկն առավել ակտիվ ստացվեց:

Այն դրսևորվեց և հունվարի 18­-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ` քաղաքացիական ուժերի հանրահավաք­երթին միանալով, և «գազային համաձայնագրի» ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության ու հաշվիչ հանձնաժողովում իրականացվող փոփոխությունների հարցում միասնական քայլերի իրականացմամբ: Չի բացառվում, որ ոչ իշխանական ուժերը համատեղ կպաշտպանեն նաև ՀՅԴ­ի առաջ քաշած` «Նաիրիտ» գործարանի խնդրի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը:

Եթե խորհրդարանում ոչ իշխանական ուժերի համագործակցությունն ու քայլերը` անկախ դրանց իրական նպատակներից, հենց միայն քաղաքական պրոցեսների տեսանկյունից, կարելի է արդարացված համարել, ապա «փողոցային պայքարին» միանալը, ոչ իշխանական ուժերի գործունեությունը քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Ու այստեղ խնդիրը ոչ թե նրանում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարն անիմաստ է կամ սխալ, այլ այն, որ խորհրդարանից պայքարը փողոց տեղափոխելով` գործընթացը տեղափոխվում է ապաքաղաքական հարթություն:

Ինչևէ, եթե ոչ իշխանական ուժերը դեմ են կենսաթոշակային համակարգի փոփոխություններին, ապա իրենց կարգավիճակն արդեն իսկ հնարավորություն է տվել` համապատասխան հարթություն քաղաքական պայքար մղել, սակայն վերադարձը դեպի փողոց, քաղաքական տեսանկյունից` հետ քայլ է դիտվում: 

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել