Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական տեսանյութն են զետեղել, որում կադրեր են ներկայացվում հայ­ադրբեջանական սահմանը Տավուշի մարզի ուղղությունից հատած ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի` Ադրբեջանում գտնվելու մասին:

Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձել է ցույց տալ, որ առաջնորդվում է հումանիստական նկատառումներով` գերիների հետ վարվելակերպի համապատասխան կոնվենցիայի հիման վրա, սակայն հրապարակված տեսանյութում ՀՀ քաղաքացու` բժշկական ստուգում անցնելու կադրերին հաջորդում են վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու կադրեր (42-­րդ վայրկյանից): Նկատելի է, թե ինչպես ադրբեջանական բանակի համազգեստով անձը հրելով, ­քաշքշելով Մ. Խոջոյանին մի կողմ տանում:

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ժնևյան կոնվենցիայի այս կամ այն դրույթին, փորձում են ապացուցել ադրբեջանական կողմի մարդասիրական մոտեցումները, այնինչ Ադրբեջանը գործում է մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ սկզբունքով:

Մի կողմից հրապարակում է կադրեր գերու` բժշկական հետազոտություն անցնելու մասին, ինչն իսկապես բխում է Ժնևյան կոնվենցիայի դրույթներից, միաժամանակ վերջինիս հետ հարցազրույցներ կազմակերպում ու լրատվամիջոցներով տարածում, ինչը հակասում է այդ նույն կոնվենցիայի այլ դրույթներին:

Մեկ այլ կարևոր հանգամանք ևս. բացի Ադրբեջանի կողմից հրապարակված այն կադրերի, որտեղ նկատելի է, թե ինչպես են վարվում ՀՀ քաղաքացու հետ, առ այսօր առեղծվածային է մնում Խոջոյանի` ձեռքը կոտրված լինելու հանգամանքը: Սկզբում Ադրբեջանից պնդում էին, որ Խոջոյանը, ով իբրև թե դիվերսանտ է (77­-ամյա դիվերսանտի շրջանառումը սարկազմիկ մեկնաբանություններ էր առաջացրել նաև ադրբեջանական մամուլում), ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների «աչալրջության» շնորհիվ:

Ադրբեջանի ՊՆ առաջին հաղորդագրությունում նշվում է, որ Խոջոյանին նկատել են տեղացիները, ապա նրան հանձնել զինծառայողներին, սակայն ադրբեջանական կողմը իր հաջորդ պաշտոնական հաղորդագրությունում, սահուն անցում է կատարում մեկ այլ թեզի` ընդգծելով, որ ադրբեջանցի զինծառայողների «զգոնության» շնորհիվ է ՀՀ քաղաքացին ձերբակալվել:

Հետագայում Ադրբեջանի ՊՆ-­ն սկսեց առաջ քաշել այն վարկածը, թե իբր հայկական դիվերսիոն խմբի ու ադրբեջանցի սահմանապահների միջև մարտ էր ընթացել, ինչի հետևանքով Խոջոյանը վիրավորվել էր: Իսկ հետո Բաքվի կողմից կազմակերպված «խիստ անկեղծ» հարցազրույցում Խոջոյանը խոսում էր իր` խաղողագործ լինելու մասին, իսկ ադրբեջանցի լրագրողը զուգահեռ մեկնաբանում է, թե իբր Խոջոյանը նշում է ԱԱԾ-­ական լինելու մասին: Ընդ որում` նույն այդ «հարցազրույցը» մեկնաբանելով, ադրբեջանցի լրագրողը նշում էր, թե Խոջոյանը ձեռքը կոտրել է` վայր ընկնելուց հետո:

Ի դեպ, Ադրբեջանում Խոջոյանին համառորեն շարունակում են ներկայացնել որպես ռազմագերի` նրան ներկայացնելով որպես «ՀՀ հատուկ ծառայությունների ներկայացուցիչ»: Ինչևէ, պետք է ֆիքսել, որ Ադրբեջանի կողմից այդքան «հարգված» Ժնևյան կոնվենցիան համապատասխան դրույթներ է սահմանել և ռազմագերիների (Հղում 1) և գերիների (Հղում 2) պաշտպանության վերաբերյալ:

Ոչ պակաս ուշագրավ է այն հանգամանքը, որ հունվարի 19-ի լույս 20-­ի գիշերը Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, դիպուկահարների ակտիվության, ՀՀ քաղաքացու` Ադրբեջանը սահմանը հատելու և ադրբեջանական ընտանիքի` Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելու ֆոնին, բավականին անհասկանալի իրավիճակում է հայտնվել միջազգային հանրությունը, ով, կարծես թե, չի կողմնորոշվում, թե ինչպես իրեն պահի կամ ինչ հայտարարի: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն կարելի է ստանալ շահագրգիռ կողմերի տարածած 1-2՝ ոչինչ չասող հայտարարություններից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել