Tert.am-ը գրում է.

Ադրբեջանցիները դեռ չկազմավորված ազգ են, հետևաբար, ամեն ինչ պետք է հարևաններից գողանան: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությանը, թե Հայաստանը նախկին ադրբեջանական տարածք է:

«Պատասխանը պետք է լինի մեկը. Հայաստանը պարզապես պետք է ուժով ստիպի այդ Ադրբեջան կոչվածին լռել: Այդքան բան»,- ասաց Գրիգոր Բեգլարյանը, շարունակելով, թե մենք առայժմ դրան չենք գնում, որովհետև ագրեսիվ քաղաքականություն չենք վարում, պարզապես ինչ-որ պատասխաններ ենք տալիս։

«Ինձ թվում է՝ ժամանակը կգա, երբ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան կստանան իրենց արժանի պատասխանը: Այնպես, ինչպես վերադարձրել ենք Արցախը, այդպես էլ պետք է վարվենք մեր բոլոր հողերի հետ և այդ հողերի վրա գոյություն ունեցող տեղանունների հետ»,-ավելացրեց նա։

Քարտեզագիրը նաև ասաց, որ Ադրբեջանի անունը պարսկական է, իսկ Հայաստանից գողացել է և՛ տարածքներ, և՛ անուններ, և՛ հուշարձաններ, և՛ մնացած ամեն ինչ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իրենց պատմական հողերը չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով և հարակից շրջաններով։ «Եթե ուշադրություն դարձնենք 19-րդ դարի պատմությանը, ապա հնարավոր կլինի նկատել, որ ադրբեջանցիների բնակավայրերը շատ ավելի լայն են եղել։ Ներկայիս Հայաստանի տարածքը, իրականում, ադրբեջանական պատմական հողեր են»,– ասել էր ա։

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին՝ Գրիգոր Բեգլարյանն ասաց, թե Հայաստանը պետք է թքած ունենա դրանց վրա։ «Կուզենայի, որ Հայաստանը թքած ունենա ամբողջ աշխարհի ասածների վրա, որովհետև աշխարհն է՛լ ավելի վատ բաներ է անում: Այն փաստը, որ մեր ռազմավարական գործընկեր կոչվող Ռուսաստանն իր ատլասներում և քարտեզներում գրում է Խանքենդի, իսկ փակագծերում՝ Ստեփանակերտ, արդեն չգիտեմ, թե ո՞րն է ավելի վատ. ա՞յն, որ Իլհամ Ալիևն իր անասուն վիճակով ասում է Հայաստանը ադրբեջանական հող է, թե՞ այն, որ մեր ռազմավարական գործընկերն է Ստեփանակերտը կոչում Խանքենդի»,- հարցադրում արեց Գրիգոր Բեգլարյանը:

Վերջինս նշեց նաև, թե շատ մարտահրավերներ կան, որոնք պետք է յուրաքանչյուրն իր գործով դիմակայի. զինվորն իր արարքը պետք է անի, քաղաքագետն՝ իր, քարտեզագիրն՝ իր: «Ես, համենայնդեպս, փորձում եմ տարածել ճիշտ քարտեզներ»,- ասաց Գրիգոր Բեգլարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել