Որքան շատ են մեքենաները, այնքան մեծ է խախտումների հավանականությունը: Միգուցե սա տրամաբանական է, սակայն կա համակարգվածության խնդիր:
Շատ է խոսվում ճանապարհատրանսպորտային պատահարների մասին, գրեթե ամեն օր: Իսկ երեկ արդեն ոլորտի պատասխանատու ներկայացուցիչ Նորիկ Սարգսյանը հայտարարել է 2013թ.-ի տվյալները՝ ՃՏՊ-ների ու դրանց հետևանքների մասին: Այսպես, 2013թ. տեղի է ունեցել 2824 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 316 և մարմնական վնասվածքներ ստացել 3739 մարդ: Այսինքն տարվա կտրվածքով յուրաքանչյուր օր տուժել է 11 մարդ (այդ թվում մահվան ելքով):
Հայաստանի տիպի երկրում, որտեղ բնակչության բնական աճը կազմում է 0.5 տոկոս, 316 մահը մեծ թիվ է:
Ոստիկանությունը կոչ է անում, միջոցներ է ձեռնարկում խախտումները զսպելու առումով, սակայն խնդրի կարգավորումը ենթադրում է համալիր մոտեցում` սկսած վարորդական իրավունքների տրամադրումից, մինչև վերահսկողություն: Պարզեցվեց, բարեփոխվեց վարորդական իրավունք ստանալու գործընթացը, ավտոմատացվեց խախտումներ արձանագրելու պրակտիկան, մի խոսքով բարեփոխումներ, բարեփոխումներ: Սակայն մի հարց, այնուամենայնիվ, առաջանում է: Եթե բարեփոխումները կատարվում են, ապա բարեփոխումը պետք է ունենա նաև բարեփոխված արդյունք:
Եթե նայում ենք վերջին 3 տարիների ՃՏ պատահարների արդյունքները, ապա նկատում ենք, որ կա միայն ՃՏՊ-ների աճ, զոհերի վերաբերյալ թվերի համեմատությունը տատանվում է, 2011-ին գրանցվել է աճ, 2012-ին նվազում, իսկ 2013-ին աճ նախորդ տարվա համեմատ և նվազում 2011-ի համեմատ, իսկ վիրավորների թվերի համեմատությունը ցույց է տալիս, որ 2011-ից սկսած մինչև 2013թ-ը գրանցվել է աճ:
Նորիկ Սարգսյանի տեղեկացմամբ, 2012 թվականի համեմատ՝ 2013 թվականի ընթացքում պատահարների քանակն աճել է 222-ով, զոհերի թիվը՝ 5-ով, վիրավորներինը՝ 255-ով:
Փորձենք իրար կողք դասավորել նախորդ երեք տարիների ցուցանիշները, որոնք տարվա ամփոփման ժամանակ հայտարարվել է ոստիկանության կողմից և կտեսնենք, որ աճի միտումը առկա է:
2012 թ. ընթացքում արձանագրվել է 2602 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 311 և մարմնական վնասվածքներ ստացել 3739 մարդ:
2011 թվականին արձանագրվել է 2319 ճանապարհատրանսպորտային պատահար, 327 մարդ զոհվել է, և 3354-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել: 2010-ի հետ համեմատած` պատահարների թիվը աճել է 345-ով, զոհերինը` 33-ով, իսկ վիրավորներինը` 684-ով:
2010 թվականի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 1813 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 258, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 2463 մարդ։ Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների թիվը պակասել է 3-ով, զոհերինը և վիրավորներինը՝ համապատասխանաբար 35-ով և 65-ով։
Այսինքն, 2010թ.-ը եղել է այս առումով ավելի համակարգված տարի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.saroyan1/posts/700603076646802?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել