1in.am-ը գրում է.
Իրանը հետաքրքրություն է դրսևորում խաղաղ ատոմի կիրառման ճապոնական տեխնոլոգիաների հանդեպ և այդ ոլորտում հույս ունի համագործակցել Տոկիոյի հետ: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արագչին ճապոնական կենտրոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ճապոնիան ատոմային էներգետիկայի ոլորտում ունի առավել կատարյալ տեխնոլոգիաներից մեկը և դրանք արտահանում է արտերկիր: Կան լավ հեռանկարներ առ այն, որ Իրանն ու Ճապոնիան կհամագործակցեն ԱԷԿ-ների շինարարության ոլորտում»,- նշել է Արագչին:
Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ ատոմային ոլորտում համագործակցության թեման մոտ ապագայում կդառնա գլխավորներից մեկը Տոկիոյի և Թեհրանի երկկողմ կապերում:
2011-ի մարտին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի վթարից հետո Ճապոնիան ժամանակավորապես դադարեցրել էր իր ատոմային տեխնոլոգիաների արտահանումը, սակայն ներկայիս կառավարությունը ջանքեր է ձեռնարկում դրա վերսկսման համար:
Իրանի իշխանությունները ներկայում դիտարկում են երկրի ատոմային էներգետիկայի զարգացման տարբեր հնարավորություններ, որոնք նախատեսում են այդ ոլորտում ներգրավել օտարերկրյա առաջատար արտադրողների:



