RA NA holds an extraordinary sessionԳազային պայմանագրի մասին ԱԺ այսօրվա նիստը բուռն էր հատկապես լրագրողների մասնակցությամբ: Լրագրողները դարձել էին քաղաքացիական ակտիվիստ։ Քվեարկության ընթացքում հենց ԱԺ նախագահի ամբիոնի դիմաց պարզել էին պաստառներ, նաեւ խփում էին լրագրողական օթյակի պատուհաններին։ ՀՀԿ-ական պատգամավորները բավականին անբռնազբոսիկ էին։ Քվեարկությունից առաջ ՀՀԿ-ական պատգամավորներ Նահապետ Գեւորգյանն ու Մհեր Սեդրակյանը չգիտեին, որ քվեարկությունը բաց է լինելու, ասում էին, որ քանի որ գաղտնի է, չեն ասի, թե ոնց են քվեարկելու։

Դավաճանության մասին լրագրողների հարցադրումներին արձագանքում էին նույնքան անկաշկանդ։ «Ամեն կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»,- «Ա1+»-ի հարցադրմանը հակազդեց տաշիրցի հանրապետական Կարեն Կարապետյանը։

Առաքել Մովսիսյանը դավաճան անվանողներին որակեց անբարոյական. «Ինձ դավաճան անվանողը մոր փորից անբարոյական ա դուրս եկել»։ Քվեարկությունից առաջ ԱԺ էր ժամանել էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։ Այն հարցին, թե ինչպիսի քվեարկություն է կանխատեսում, շատ հանգիստ պատասխանեց. «Կքվեարկեն, կպրծնեն»։

Վերջին նստաշրջանում առաջին անգամ ՀՀԿ-ն բացառիկ մեծամասնություն էր ԱԺ-ում։ Սամվել Ալեքսանյանն ընդհանրապես երջանիկ էր, բարձր տրամադրությամբ ԱԺ դահլիճից վազում էր ԱԺ կառավարության ներկայացուցչի սենյակ, այնտեղից կրկին դահլիճ։ Դավաճան հանրապետականի մասին հարցադրման ժամանակ ժպիտը պարոն Ալեքսանյանի դեմքից չիջավ։ Կարողացավ միայն ասել՝ մի հատ տեղ մտնեմ, դուրս գամ, ասեմ։ Ի՞նչ կարելի է ասել այսօր տեղի ունեցածի մասին։ Երեւի ոչինչ։ Հանրապետականները մեծամասնություն են, ոչինչ նրանց չի կաշկանդում, ոչ մի հարաբերության մեջ իրենք իրենց ինտելեկտուալ ամբիոնի ներկայացուցիչ չեն համարում։ Ոչնչի համար չեն պատրաստվում պատասխան տալ։

Ձեռքերը վեր բարձրացնելով արված քվեարկությունից հետո՝ նրանց մի մասը Գալուստ Սահակյանի քավորությամբ իջավ ԱԺ ճաշարան հաց ուտելու։

Իսկ ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչները ՀՅԴ խմբակցությունում ընդունում էին հայտարարության տեքստ, ըստ որի քվեարկություն տեղի չի ունեցել։ Սուքիաս Ավետիսյանը հակադարձում է՝ ինչպե՞ս տեղի չի ունեցել, 77 հոգի կողմ է քվեարկել։ Այն հարցին, թե հաշվիչ հանձնաժողովը քվորում չի ունեցել (ձայները հաշվել են հաշվիչ հանձնաժողովի 7 անդամից 3-ը, 4 հոգին քվեարկությունը բոյկոտել-դուրս է եկել), քվեարկությունից հետո նիստ չի արել եւ կատարված քվեարկության օրինականության մասին որոշում չի կայացրել, ինչպես է տեղի ունեցել, հակադարձեց մոտավորապես այսպես. «Բա լա՞վ է, որ Զարուհի Փոստանջյանն էլ մեր գրանցման քարտերն է գողանում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել