1in.am-ը գրում է.
Տարին ամփոփելով՝ կարող ենք ասել, որ 2013-ին հատկապես մեծ կարևորություն ներկայացրին այն ինտեգրացիոն նախագծերը, որոնց մասնակից դարձավ Հայաստանը: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Անցնող տարվա կարևոր իրադարձություններից էր սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու մասին հայաստանյան իշխանությունների հայտարարությունը: Ըստ այդմ, մենք ֆորմալացնում ենք ՄՄ-ի բևեռի հետ փոխգործակցությունը, սակայն համագործակցում ենք նաև ԵՄ-ի բևեռի հետ: Հետաքրքրականն այն է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի գործակցությունը, որոշակի պահի գնահատվելով որպես տնտեսական, ավելի ուշ վերափոխվեց քաղաքականի: Նույնը հնարավոր է նաև ՄՄ-ի դեպքում»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:
Քաղաքագետի խոսքով՝ ՄՄ-ին անդամակցելը Հայաստանի համար կառույցի անդամ մյուս երկրների հետ ռազմական և քաղաքական հետագա առավել սերտ համագործակցության բազիս է ստեղծում:
Անդրադառնալով գալիք տարում ԼՂ հիմնախնդրի հնարավոր զարգացումներին՝ Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ բանակցային գործընթացը վերջին քսան տարիներին լուծում է լայնածավալ պատերազմական գործողություններ թույլ չտալու խնդիրը:
«Պետք է անել ամեն բան՝ 2014-ին ստատուս քվոյի դե ֆակտո վիճակը տեղափոխելու դե յուրե դաշտ: Միաժամանակ քանի դեռ հակամարտող կողմերի տեսակետները միմյանցից շատ տարբեր են, բավական բարդ է լինելու գտնել այն մոդուսը, որը կտանի հիմնախնդրի լուծմանը»,- ասաց քաղաքագետը:



