Մխիթարյանը կիսվում է դեպի վերելք տանող իր ողբերգական պատմությամբTotalFootball.am-ը գրում է.

Բրիտանական FourFourTwo ճանաչված ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Արարատ լեռն իր մեծ ստվերն է գցում Երևանի՝ Հայաստանի մայրաքաղաքի և Հենրիխ Մխիթարյանի ծննդավայրի վրա: Վայելչակազմ խաղարկողը, որն այժմ բնակեցնում է «Բորուսիայի» 10 համարի մարզաշապիկը, իր ողջ կարիերայի ընթացքում մեկ այլ ստվերից է ազատվել և դա արել է մեծ վճռականությամբ:

«Ես ֆուտբոլ խաղին սիրահարվեցի հորս շնորհիվ,- պատմել է նա FourFourTwo-ին: - Ֆուտբոլն իմ արյան մեջ է և ես ցանկանում էի նրա նման ֆուտբոլիստ դառնալ»: Նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը, հայկական ֆուտբոլի ողբերգական արքայազնն է: Նա նորարար էր. 1980-ականների «Արարատի» հարձակվողը սովետական առաջին ֆուտբոլիստներից էր, որն օգտվեց «պերեստրոյկայի» առաջարկած հնարավորություններից և տեղափոխվեց արտասահման: 

1989-ին նա տեղափոխվեց Ֆրանսիա և սկսեց հանես գալ ցածր լիգաներից մեկում ելույթ ունեցող ԱՍՕԱ Վալանսում: Խաղադաշտում և խաղադաշտից դուրս լավ տպավորություն գործելուց հետո նա Ֆրանսիայի հարավ բերեց իր երիտասարդ ընտանիքին՝ այդ թվում 9 ամսական որդուն՝ Հենրիխին: Նրանք հետևում էին, թե ինչպես է Համլետն օգնում «Վալանսին» բարձրանալ երկրորդ դիվիզիոն և նվաճում թիմակիցների և երկրպագուների սրտերը: Դրանք երջանիկ օրեր էին, իսկ Հենրիխը մինչ այժմ սահուն խոսում է ֆրանսերեն: 

Սակայն Մխիթարյանների աշխարհը ցնցվեց, երբ մի օր Համլետն իրեն վատ զգաց մարզումներից մեկի ժամանակ: Բժիշկները գլխուղեղի ուռուցք ախտորոշեցին: Վիրահատությունը չկարողացավ կանխել դրա հարձակումն արտաքնապես առողջ մարդու վրա: Ապա նա կնոջն ու երեխաներին առաջնորդեց Երևան (Հենրիխը քույր ունի): Այդպես նա կկարողանար, ինչպես ամենամոտ ընկերներին էր ասել, «մահանալ տանը»: Երբ 1996-ին պարտվեց հիվանդության դեմ պայքարում, նա 33 տարեկան էր: Նրա որդին յոթ տարեկան էր: Արդյո՞ք նա գեթ մեկ վայրկյան կասկածում էր, որ հետևելու է հոր ուղուն: «Ո՛չ,- ասում է նա: Ամենևի՛ն»:

Այնուամենայնիվ, դա չէր կարող հեշտ լինել: Նա Ֆրանսիան փոխեց ավերված հետխորհրդային Հայաստանով և սկսեց խաղալ տեղի մարզադպրոցում, որը կրում էր հոր անունը: Այստեղ նա հաճախում էր հորը նմանվելու անսպառ ցանկությամբ և ինքն իրեն հսկայական ճնշման տակ էր դնում: Երբեմն ամեն ինչի չափն անցնում էր. «Երբեմն, երբ տուն էի գալիս և սկսում էի լաց լինել պարտված խաղի և իմ վատ խաղի պատճառով Մայրս ասում էր՝ բան չկա, դու կարող ես ֆուտբոլ չխաղալ, եթե չես ցանկանում: Ոչ ոք չի ստիպում քեզ ֆուտբոլիստ դառնալ և դու կարող ես զբաղվել նրանով, ինչ ցանկանում ես»,- հիշում է նա: «Բայց ես պնդեցի, իսկ մայրս ինձ քաջալերեց, որպեսզի շարունակեմ ջանասիրաբար աշխատել»: Այսօր նա այնպիսի ֆուտբոլիստ է դարձել, որ իր հոր` Վալանսում ապրող ընկերները դժվարությամբ են հավատում իրենց տեսածին: Իսկը իր շատ սիրված հոր պատկերն է:

Սակայն նա անցյալով ապրողներից չէ: Փոխարենը նա առաջ է սլանում՝ նվաճելու նոր բարձունքներ (ասում է, որ ամենևին գոհ չէ մինչ այժմ ձեռք բերված իր նվաճումներից) և ընդունում է այն ամենն, ինչ կյանքն առաջարկում է: 2010-ից 2013 թվականներին Դոնեցկում անցկացրած ժամանակահատվածում նա կարողանում էր ժամանակ գտնել թատրոն ու կինո գնալու համար և սկսեց տնտեսագիտություն ուսումնասիրել: Նա համեստ է և ծարավ է նոր հնարավորությունների, դեպի որոնց գնում է մեծ վճռականությամբ. «Ես ուղղամիտ մարդ եմ, իսկապես,- ասում է նա: Հեռու եմ այն պատրանքներից, որ աստղ եմ: Ես սովորում եմ, քանի որ կարևոր եմ համարում այն, որ պետք է սովորել ողջ կյանքի ընթացքում: Երբ դադարում ես սովորելը, կարող ես մեռնել»: Նույննը նաև խաղադաշտում է: 

Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանն առաջին անգամ իր մաշկի վրա զգաց Դորտմունդի «Բորուսիայի» անդադար ճնշում գործադրող մեքենայի ազդեցությունը: Դա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում էր, երբ «Բորուսիան» իր թիմի մրցակիցն էր: Չկարողանալով գտնել խաղային գծերի միջև իրեն անհրաժեշտ տարածքը՝ նա քիչ բան կարողացավ անել, որպեսզի «Շախտյորին» փրկեր 5-2 ընդհանուր հաշվով պարտությունից: Դորտմունդը, ըստ Մխիթարյանի. «Կատարյալ թիմ էր՝ լավ ֆուտբոլիստներով և տպավորիչ մարզչով»: 

Այդ ժամանակ հազիվ թե նրա մտքով անցներ, որ նա կարող է միանալ նրանց, սակայն երբ կայացավ Մարիո Գյոթցեի տեղափոխությունը «Բավարիա», Դորտմունդը սլացավ իրեն բոլոր հատկություններով համապատասխանող ֆուտբոլիստին ձեռք բերելու. նա ունի դիրիժորական նրբագեղություն, հմուտ գոլահար է և համառ է ճնշում գործադրելիս: Կլոպը ցանկանում էր իրեն, և Մխիթարյանը ոգևորվեց նրա էնտուզիազմից: «Նման մարզչի հետ աշխատելն իրականացված երազանք է,- ասում է նա: - Երբ առաջին անգամ խոսեցի նրա հետ, զգացի, որ նա առաջին հերթին լավ մարդ է, իսկ հետո՝ լավ մարզիչ»: 

Այպիսով, Մխիթարյանին հանդերձարանում ընդունեցին ինչպես ընտանիքի անդամի և անհրաժեշտ ամեն ինչ տրամադրեցին բարգավաճելու համար՝ այդ թվում թարգմանչի, մինչ նա կկատարելագործի իր վեցերորդ լեզուն՝ գերմաներենը: Միևնույն ժամանակ Մխիթարյանն իր խոսքն է ասում խաղադաշտում՝ փոխանցելով իր կյանքի ընթացքում սովորած դժվարին դասերը: Երևանցի երկրպագուների համար նա հերոս է, Հայաստանի դեսպանը և օրինակ, թե ինչպես նրանք նույնպես կարող են առաջադիմել: Այս ամենը Մխիթարյանն իրեն բնորոշ հանգիստ ձևով է ընդունում: «Ես փորձում եմ բաց և հասանելի լինել նրանց համար և կիսվել արտասահմանում խաղալու իմ փորձով,- ասում է նա: - Կարծում եմ, որ շատ կարևոր է ինչ-որ բան փոխանցելը, նույնիսկ եթե դա գաղափար է, ոգեշնչման աղբյուր հաջորդ սերնդի համար, որ նրանք կարող են նման նվաճումների հասնել»:

Կարճ ասած, դա ճիշտ նույնպիսի գաղափար է, որը հորից անցել է որդուն, ով չնայած առարկություններին, անկասկած, կհպարտացներ իր հորը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել