Եվրասիական շարժման փոխնախագահ |
Օրերս Լեհաստանում հանրապետության անկախության օրվա կապակցությամբ անցկացված ազգայնական ուժերի երթի մասնակիցները գրոհել էին Ռուսաստանի դեսպանության շենքը: Պաշտոնական Վարշավան ներողություն է խնդրել Ռուսաստանից, իսկ Մոսկվան էլ դիվանագիտական նոտա է հղել կատարվածի կապակցությամբ:
Առերևույթ, այստեղ տարօրինակ ոչինչ չկար, սակայն կատարվածի խորքային վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ Եվրոպան հիստերիայի մեջ է: Քանի որ ասածս կարող է շատ-շատերի համար անհասկանալի թվալ, ապա փորձեմ իրադարձությունից առաջ տեղի ունեցածը ներկայացնել, որից հետո ամեն ինչ պարզ կլինի բոլորի համար:
Այսպիսով, Եվրասիական միության օրեցօր աճող հեղինակությանն ու ՄՄ-ն անդամակցելու ցանկությունն արտահայտած երկրների թվի մեծանալուն զուգահեռ, մեծանում է այդ միությունից վախեցողների անհանգստության չափը:
Սկզբնական շրջանում թերահավատորեն նայելով նախաձեռնությանն, այնուամենայնիվ, այժմ նկատվում է անհանգստություն ԵՄ երկրների կողմից: Ռուսաստանի դեսպանության շենքին գրոհելուց առաջ արդեն նույնիսկ քաղաքականությունից շատ քիչ գլուխ հանող մարդու համար էլ պարզ էր, որ ԵՄ հաղթաթուղթ ՈՒկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի կնքում առաջիկայում տեղի չի ունենա, համենայն դեպս ոչ այս Վիլնյուսյան նոյեմբերի 29-ի համաժողովում:
Այս սուր իրավիճակում առանցքային դեր ունեն Լեհաստանն ու Ռուսաստանը: Խոսքը Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի մասին է: Այս ծրագրում Լեհաստանը հանդիսանում է համակարգող կամ, կարելի է ասել, նույնիսկ գաղափարախոս, հեղինակ երկիր, որի համար ծրագրի հաջողությունը նաև քաղաքական հաջողության և պատվախնդրության հարց է:
Ահա և Լեհաստանի պատվախնդրության հարցը վերածվեց արկածախնդրության: Կարծում եմ` հարկ չկա արդեն նշելու, թե Ռուսաստանի դեսպանության շենքի վրա հարձակվող ազգայնականներն ում հրահանգով էին գործում: Այս գործելաոճը միշտ արդարացվել է դեմոկրատիա և բարոյականություն քարոզող ամերիկաեվրոպական ուժերի կողմից: Հանուն իրենց երկրի անվտանգության` նրանք կարող են գաղտնալսել, գաղտնահարձակվել, ու գաղտնապայթեցնել, այնպես, որ միամտություն է հավատալ, որ Եվրոպայում ինչ անում են, անում են անկեղծ բռնկումով: