«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Հայաստան Հակոբյանի հայտարարությանը, թե իրեն աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով, արձագանքել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանը՝ հերքելով այդ պնդումները։

Aysor.am-ի հետ զրույցում տնօրենը նշեց, որ Հակոբյանի պաշտոնանկությունը որևէ առնչություն չունի նրա քաղաքական հայացքների կամ կողմնորոշման հետ։

«Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ազատման հարցում ոչ մի կերպ քաղաքական հայացքները կամ կողմնորոշվածությունը հիմք չեն հանդիսացել։ Եթե տիկին Հակոբյանն անկեղծ է, թող հրապարակի այն բացատրագիր-պահանջը, որն իրեն ներկայացվել է, ինչպես նաև իր տված բացատրությունը, որտեղ հստակ երևում է, որ քաղաքական որևէ հանգամանք ընդհանրապես նշված չէ»,- նշեց  Սարգսյանը։

Հարցին, թե որն է եղել աշխատանքից ազատելու իրական պատճառը, տնօրենը հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ նշելով, որ չի ցանկանում խախտել նախկին աշխատակցի իրավունքները։

«Ես հիմա ոչինչ չեմ ասի, քանի որ հնարավոր է՝ ինքը չի ցանկանում խոսել իրական պատճառների մասին, իսկ եթե ես բարձրաձայնեմ, գուցե ոտնահարեմ իր իրավունքները։ Եթե ինքն անկեղծ է, թող խոսի իրական պատճառների մասին»,- ընդգծեց նա։

Գո՞հ է եղել  Հակոբյանի աշխատանքից, քոլեջի տնօրենը պարզաբանեց. «Եթե նկատի ունեք վերջին ժամանակահատվածները, ինչի  պարագայում ինքը թույլ է տվել իրավիճակներ, գործողություններ, որոնք ուղղակիորեն իր  պաշտոնի պահանջներին հակասում են, իհարկե՝ ոչ։ Իսկ եթե նկատի ունեք ժամանակագրական առումով ավելի վաղ, ըստ տվյալ ժամանակահատվածի կատարած աշխատանքի, ինքը ստացել է արժանի գնահատական՝ և՛ գովասանքի տեսքով, և՛ մնացած այլ գործողությունների տեսքով»։

Հստակեցմանը, թե վերջին ժամանակահատված ասելով կոնկրետ ե՞րբ նկատի ունի, տնօրենը նշեց.«Խոսքը  վերջին երկու շաբաթվա մասին է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել