Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ պայքար է սկսվել։ Այդ պաշտոնին այս պահին հավակնում է չորս ՔՊ-ական։

Նրանցից մեկը պատգամավոր Արման Եղոյանն է։ Նա Factor.am-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ արդեն առաջադրվել է ներկուսակցական ընտրությանը մասնակցելու համար։ Factor.am-ի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունի նաև Արուսյակ Ջուլհակյանը։

Նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. նա մեր բազմաթիվ զանգերին չպատասխանեց։ Հիշեցնենք, որ Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնում են նաև Ալխաս Ղազարյանը և Վահագն Ալեքսանյանը։ Նրանք հաստատել են այդ տեղեկությունը։

Նրանց առաջադրումը հաստատելու է ՔՊ վարչությունը։ Նշենք, որ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, որոնցից երկուսը ներկայացնում են իշխանությունը, մեկը՝ ընդդիմությունը։

Ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը կհասնի «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, եթե այն վերցնի իր պատգամավորական մանդատները։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՔՊ վարչությունը հաստատել էր Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել