Վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը կփոփոխվի: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 16-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը:

Նախարարը հիշեցրեց՝ այս պահի դրությամբ առաջարկվում է վարորդական իրավունքը վերականգնել բացառապես տեսական և գործնական քննությունները հանձնելու միջոցով:

«Զրկման ժամանակահատվածն անցնելուց հետո (որպես կանոն, այն 1 տարի է, բացառիկ դեպքերում՝ 2 տարի), անձը պետք է վճարի պետական տուրք 50 հազար դրամի չափով, այնուհետև պետք է սահմանվի 1 տարի փորձաշրջան անձի համար, որի ժամանակ նրան տրվում է 6 բալային միավոր: Այսինքն՝ սահմանափակ բալային միավորներ ենք տրամադրում փորձաշրջանի ընթացքում, որպեսզի անձը ցույց տա, որ վարքագիծը փոփոխվել է, և կարող է վերադառնալ տրամաբանության, երթևեկության շրջանակ: Եթե փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ հարթ է անցնում, հաջորդ տարվա ընթացքում վերականգնում ենք 13 բալի հնարավորությունն անձի համար:

Իսկ եթե փորձաշրջանի ընթացքում անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից, կամ սպառվում են բալերը, ապա սա կրկին համարվում է զրկում, և անձը չի կարողանում օգտվել վարորդական իրավունքից, իսկ հետագա վերականգնումը կարող է տեղի ունենալ տեսական և գործնական քննությունների պարտադիր վերահանձնման ճանապարհով»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց՝ նախագիծն ունի անցումային դրույթ, որը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձանց՝ մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելու պահը զրկվածներին, որոնք կկարողանան դիմել և վերականգնել իրենց վարորդական իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել