ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Նյու Յորքում ԱՄՆ-ի խնդրանքով արտակարգ նիստ է անցկացրել Իրանի հարցով՝ շաբաթներ շարունակվող համազգային հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդկանց մահվան մասին հաղորդագրությունների շուրջ մտահոգությունների սրման ֆոնին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ, դեսպան Ղոլամհոսեյն Դարզին նշել է, որ իր երկրի դեմ «ուժի կիրառման ցանկացած սպառնալիք», ցանկացած պատրվակով, ներառյալ ցուցարարներին պաշտպանելու կամ իրանցի ժողովրդին աջակցելու պնդումները, կհամարվեն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։
Նա ընդգծել է, որ Իրանը չի ձգտում «ո՛չ սրացման, ո՛չ էլ բախման»։
«Այնուամենայնիվ, ցանկացած ագրեսիայի ակտ՝ ուղղակի կամ անուղղակի, կարժանանա վճռական, համաչափ և օրինական պատասխանի՝ համաձայն Կանոնադրության 51-րդ հոդվածի։ Սա սպառնալիք չէ, այլ իրավական իրականության հայտարարություն»,- նշել է նա՝ հավելելով, որ «բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են միայն նրանք, ովքեր նախաձեռնում են նման անօրինական գործողություններ»։
«Խորապես ցավալի է, որ Միացյալ Նահանգների ռեժիմի ներկայացուցիչը, որը խնդրել է այս հանդիպումը, այսօր դիմել է ստի, փաստերի խեղաթյուրման և միտումնավոր ապատեղեկատվության՝ թաքցնելու իր երկրի անմիջական մասնակցությունը Իրանում անկարգությունները բռնության ուղղորդելու գործում», – ասել է նա։
Չինաստանի դեսպան Սուն Լեյը նշել է, որ Միացյալ Նահանգները բացահայտորեն սպառնացել է Իրանի դեմ զենք կիրառել։
Ընդգծելով, որ Չինաստանը միշտ կողմ է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և միջազգային իրավունքին հետևելուն, նա նաև նշել է, որ ինքնիշխան հավասարությունը և ներքին գործերին չմիջամտելը միջազգային հարաբերությունների «ամենահիմնարար նորմերն» են։
«Ուժի կիրառումը երբեք չի կարող լուծել խնդիրներ…. Միջազգային իրավունքին հակասող ոչ մի գործողություն չի կարող հանդուրժվել», – ասել է նա՝ հավելելով, որ ռազմական արկածախնդրությունը տարածաշրջանը կտանի դեպի անդունդ։
Ռուսաստանի Դաշնության դեսպան Վասիլի Նեբենզյան ասել է, որ աշխարհը հետևում է, թե ինչպես է Միացյալ Նահանգները «շարունակում սրել լարվածությունը» և «սնուցել հիստերիան» Իրանի շուրջ։
«Վաշինգտոնը նույնիսկ չի փորձել թաքցնել երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր ենթադրյալ մտահոգության իրական պատճառները, քանի որ սպառնում է նոր հարվածներով Իրանի դեմ», – նշել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից պահանջված Անվտանգության խորհրդի տվյալ նիստը «ոչ այլ ինչ է, քան ինքնիշխան պետության ներքին գործերին բացահայտ ագրեսիան և միջամտությունը արդարացնելու ևս մեկ փորձ»։
Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապաշտպան խմբերին, հայտնել են ավելի քան 2500 զոհի մասին, սակայն Իրանի ԱԳ նախարարը FoxNews-ի հետ հարցազրույցում նշել է, որ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
ՄԱԿ-ը կոչ է արել անկախ հետաքննություններ անցկացնել բոլոր սպանությունների վերաբերյալ և դեմ է արտահայտվել ցուցարարների դեմ մահապատժի հնարավոր կիրառմանը։



