168.am-ը գրում է․

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն բռնակցի Գրենլանդիան, «դա կլինի ՆԱՏՕ-ի վերջը»։

Քաղաքական գործչի այս հայտարարությունը հնչել է ի պատասխան այն հարցի, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ձեռնարկած քայլը կհանգեցնի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված պաշտպանական դաշինքի գործունեության փաստացի դադարեցմանը։

«ՆԱՏՕ-ն պարտավոր կլինի պաշտպանել Գրենլանդիան, և այդ պատճառով հարց է առաջանում՝ արդյոք մենք պատերազմելու ենք Եվրոպայի, Անգլիայի, Ֆրանսիայի հետ»,- ասել է Մերֆին։

Գրենլանդիան ՆԱՏՕ-ի դաշնակից Դանիայի տարածքն է։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հետևում են 5-րդ հոդվածին, որի համաձայն՝ հարձակումը ՆԱՏՕ-ի անդամներից մեկի վրա պետք է դիտարկվի որպես հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա։

«Եկեք խոսենք նաև այն մասին, թե ինչ է դրված զոհասեղանին,- ասել է նա։- Նախագահն ամեն աստծո օր մտածում է Գրենլանդիա ներխուժելու, Վենեսուելայի տնտեսությունը կառավարելու, պարահանդեսային դահլիճ կառուցելու մասին։ Նա ամենևին չի մտածում ամերիկացի ժողովրդի մասին»։

5-րդ հոդվածը կիրառվել է միայն մեկ անգամ՝ ի պաշտպանություն ԱՄՆ-ի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումից հետո։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու ԱՄՆ-ի գործողությունից կարճ ժամանակ անց նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակից Քեթի Միլերը սոցիալական ցանցերում հրապարակել է Գրենլանդիայի վրա ծածանվող ամերիկյան դրոշի լուսանկարը՝ մակագրելով. «Շուտով»։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը դատապարտել է Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու Թրամփի փորձերը՝ հայտարարելով, որ դա «ծայրաստիճան անհարգալից է»։

Իր հերթին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը DR հանրային հեռուստաալիքին հայտարարել է. «Եթե Միացյալ Նահանգները հարձակվեն ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի վրա, ամեն ինչ կավարտվի»։ Հարցազրույցում Մերֆին պնդում էր, որ Թրամփը բավականաչափ կենտրոնացած չէ ամերիկացի ժողովրդի վրա։

Ավելի վաղ Թրամփը վերսկսել էր Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ հռետորաբանությունը՝ հայտարարելով. «Մենք պատրաստվում ենք ինչ-որ բան ձեռնարկել Գրենլանդիայի հարցում՝ հաճելի է դա նրանց, թե ոչ»։

Նա ասել է, որ հակառակ դեպքում այդ տարածքը կզավթեն Ռուսաստանը կամ Չինաստանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել