168.am-ը գրում է․
Միջադեպ չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել և այդ քննարկման ժամանակ որևէ միջադեպ չի եղել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայկ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև փակ քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկատվությանը, ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են, որևէ քաշքշուկ չի եղել, որևէ քաշքշուկի ականատես չեմ եղել, միգուցե որևէ խոսակցություն է եղել, կողքից մարդիկ այլ տպավորություն են ստացել: Քննարկում է եղել ու ոչ միայն երեկ, դեկտեմբեր ամսին էլ է եղել, երեկվա քննարկումը դրա շարունակությունն է եղել: Կուսակցությունը քննարկել է անտառների, անտառահատումների խնդիրները և որևէ արտառոց բան չի եղել»,- ասաց Հակոբ Սիմիդյանը:
Նշենք, որ ArmLur-ը գրել է, որ երեկ ՔՊ նախաձեռնող խմբի նիստն ավարտվել է քաշքշուկով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն են եղել:
Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:
Հաջորդ օրը ևս ՔՊ-ական պատգամավորը ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշուկով:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն իրար հարվածել են հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինս էլ թողել ու հեռացել է:
Վեճին միջամտել է Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին, բայց իրավիճակը գնալով թեժացել է: