Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի և ԱԱԾ Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 23-ին հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Ստեփանավանի բնակիչ 50-ամյա տղամարդը Բաղրամյան փողոցում գտնվող իր ավտոտնակում ապօրինի շշալցնում է օղիներ և իրացնում Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Դեպքի վայրում պահպանություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ 50-ամյա տղամարդու որդին փորձում է շշալցված օղիները ավտոտնակի պատուհանից դուրս հանել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից:
Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ ավտոտնակում հայտնաբերվել են 0,5 լիտր տարողությամբ 162 օղու շշեր՝ լցված թափանցիկ հեղուկով, 10 լիտր տարողությամբ 19 պլաստմասե տարա՝ լցված հեղուկով, օղու շշեր և խցաններ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին: