Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի առաջին եռամսյակում, արժեքը 15 միլիոն եվրո է։

«Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում՝ աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների ու կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց ու խոցելի խմբերին, ինչպես  նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնմանը»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշեց, որ 15 միլիոնը անհատույց դրամային աջակցություն է:

Գրիգորյանը նշեց նաև, որ  այսօր ևս մեկ նախագիծ են հաստատել, ըստ որի՝ ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի ևս երեք միլիոն եվրո, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը առավել լայն բարեփոխումների գործընթացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել