Armenpress.am-ը գրում է.

Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում այս պահի դրությամբ կա 4 ազգությամբ հայ զոհ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:

«Այս պահի դրությամբ Հալեպում 4 հայ զոհ ունենք: Վիրավորներ ևս կան, թիվը հստակ չէ»,-ասաց Ալեքսանյանը:

Այս պահին հայկական կազմակերպությունները մոնիթորինգ են իրականացնում, դպրոցների, եկեղեցիների և այդ հաստատությունների շրջանում կան որոշակի վնասեր, ճաքեր, փլված առաստաղ, պատեր:

Ալեքսանյանը հայտնեց, որ Հալեպի հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների, նրանց կից շինությունների հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում: Ուսումնասիրվում է վնասի չափը և, թե կարող է արդյոք վնասը խոչընդոտել կրթական գործի կազմակերպմանը: Հայկական կառույցների կրած որոշակի վնասների մասին տեղեկություններ կան, բայց ամբողջովին փլուզում ավերում առայժմ չկա:

«Թուրքիայի Իսքենդերունի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցին է զգալիորեն տուժել»,-ասաց Ալեքսանյանը:

Թուրքիայում նոր գրանցված երկրաշարժից հետո տվյալներ դեռևս չկան:

 Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ 

Թուրքիայում փետրվարի լույս 6-ի  գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել 5385 մարդ:

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 59 կմ հյուսիս-արևելք 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել