Tert.am-ը գրում է.
Tert.am –ի հետ զրույցում ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանն անդրադառնում է այսօր ԱԺ քաղաքական ուժերի հայտարարություններին, որոնք, ըստ էության, այն մասին են, որ պատրաստ են դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններին: Ինչպես նաև անդրադարձ է կատարում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցված քաղաքական հայտարարություններին:
– Երեկ ուշ երեկոյան հարցազրույց տվեց Գագիկ Ծառուկյանը և մի շարք քաղաքական հայտարարություններ արեց: «Ա» և ամենակարևորը, որ եթե ժողովուրդն ուզում է արտահերթ ընտրություններ՝ դեկտեմբերին, ուրեմն« ժողովրդի ցավն էլ տանեմ», իրենք էլ դեմ չեն. «բ», որ երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից եկավ Երևան, իր կողքին մարդ չկար, ասաց նաև, որ մեծ լումա ունի հեղափոխության մեջ և «գ», որ ինքը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին քաղաքականություն վերադարձնելու ծրագիր չունի, ավելին, որ սուր զրույց է ունեցել Սարգսյանի հետ:
-Առաջինը՝ ես չգիտեմ մեր թիմի որևէ անդամի, ով խմել է Գագիկ Ծառուկյանի ուղարկած ջրից, ես չգիտեմ՝ ինքն այդ ջուրն ում է ուղարկել: Եթե, իհարկե, ուղարկել է:
Երկրորդ՝ հասկանալի է, որ կլինեն մարդիկ, ովքեր այդպես էլ մինչ օրս չհասկացան, թե հեղափոխությունն ինչպես իրականացվեց: Երբ դա հասկանան, մի պահ կհասկանան նաև, որ ժողովրդի կամքի դեմ որևէ դրսևորում չի կարելի թույլ տալ, ինչպես դա, օրինակ, եղավ օրեր առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ:
-Իսկ Գագիկ Ծառուկյանի այդ բոլոր հայտարարությունները, մասնավորապես, դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով, ընդունում եք որպես ժողովրդին զիջո՞ւմ, փոխզիջո՞ւմ կամ «նահանջ երգո՞վ»:
-Բոլոր այս ամիսներին ոչ ոք ոչ մի բան ժողովրդին չի զիջել, այլ ժողովուրդն իր կամարտահայտությամբ նվաճել է բոլոր քայլերը, որոնք արվել են ԱԺ ներկայացուցիչների ու քաղաքական ուժերի կողմից:
-Այսինքն՝ սա համարում եք ժողովրդի կողմից պարտադրվա՞ծ զիջում:
-Ես սա համարում եմ սթափ քայլ՝ հասկանալով այն քաղաքական իրավիճակն ու հասարակական տրամադրությունները, որոնք ստեղծված են այս պահին Հայաստանի Հանրապետությունում:
-Այս հայտարարություններից հետո այս քաղաքական ուժի ղեկավարը և այս քաղաքական ուժը ձեզ վստահություն ներշնչո՞ւմ են:
- Սրանից հետո այս քաղաքական ուժը խնդիր ունի՝ ապացուցելու, որ ինչպես իրենք են ասում՝ իրենց խոսքը գործ է:
-Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ երեք խմբակցությունների հայտարարությունները, որոնք, ըստ էության, այն մասին են, որ պատրաստ են քննարկել արտահերթ ընտրությունները անցկացնելու հարցը:
-Ես կարծում եմ, որ այդ օրը տեղի ունեցած իրադարձությունները ու կարճ ժամանակում ժողովրդի մոբիլիզացիան սթափության կոչ էին, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերին, ովքեր կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքում նման փոփոխություն մտցնելուն, և ըստ էության բոլոր ուժերն էլ մեր համոզմամբ գիտակցում են, որ Ազգային ժողովի ընտրությունները դեկտեմբերին ուղղակի անխուսափելի են և թիվ մեկ հանրային պահանջն են այս պահին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



