Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է. «Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ իր թիվ մեկ խնդիրը ներդրում ներգրավելն է, աշխատատեղ ստեղծելը, քանի որ սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխության առաջնային ցուցանիշը հենց դա է: Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է փորձել կապեր ստեղծել այն մարդկանց հետ, որոնք դուրս են եկել սյունյաց աշխարհից և հաջողությունների հասել. նկատի ունեմ ոչ միայն գործարարներին, այլ նաև բժիշկներին, գիտնականներին, տնտեսագետներին, ներդրողներին, լրագրողներին»: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է հստակ պատկերացնել ներքին կապիտալը, առկա ներուժը, այն ակտիվացնելու ուղղությամբ հետևողական քայլեր կատարել և ներդրումային հնարավորությունները պատշաճ ներկայացնել ներդրողներին: Վարչապետն ընդգծել է, որ Սյունիքում առկա է զարգացման մեծ ներուժ, կառավարությունը հետևողականորեն առաջ է մղում Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը: «Ձևավորելու ենք հետաքրքիր միջավայր, որի շրջանակում մարզի համայնքների համար կստեղծվեն Իրանի հետ համագործակցության մեծ հնարավորություններ», - ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետին զեկուցվել են Սյունիքի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ճանապարհաշինության, աղբահանության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:
Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ համայնքները պետք է վերանայեն աղբահանության կազմակերպման սակագները՝ տարբեր սուբյեկտների համար սահմանելով համապատասխան չափանիշներ:
Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ մարզում առկա է 20 հազար գյուղացիական տնտեսություն, որից 2 հազար 700-ը ֆերմերային է: 43 հազար վարելահողերից մշակվում է 85 տոկոսը: Նշվել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ինտենսիվ այգիների հիմնման ուղղությամբ: Արդեն իսկ քննարկվում է նման 10 հայտ: Ընթացքի մեջ է 650 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայի ձեռք բերման ծրագիրը՝ նախատեսված Սիսիանի տարածաշրջանի համար:
Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և մարզպետին հանձնարարել ներկայացնել մարզն ամբողջությամբ գյուղտեխնիկայով համալրելու ամբողջական ներդրումային ծրագիր: Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման համակարգի զարգացմանը: Վարչապետն առաջարկել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ մանրամասն քննարկել առկա խնդիրները և գտնել ոռոգման խնդրի կարգավորման լուծումներ: Գործադիրի ղեկավարն ավելացրել է նաև, որ գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանն է ներկայացրել 7 ծրագիր, որոնց միջոցով այս ոլորտում արդյունավետությունը կտրուկ փոխվելու է:

Զեկուցվել է նաև, որ մարզի առողջապահական համակարգի վճարովի ծառայություններից մուտքագրված գումարներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ կազմել են 175.3 մլն դրամ, ինչը գերազանցում է նախորդ ամբողջ տարվա մուտքերը մոտ 50 մլն դրամով: Նշվել է, որ դրական միտումը հիմնականում պայմանավորված է բժշկական կենտրոնների կառավարման համակարգի արդիականացմամբ:
Անդրադառնալով մարզի ավտոճանապարհների վերանորոգման հարցին՝ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ոլորտում գտնել այլընտրանքային լուծումներ՝ հաշվի առնելով այդ ճանապարհների կարևոր նշանակությունը: «Պետք է խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ գտնել, մենք էլ ամեն կերպ նմանատիպ ծրագրերին ցուցաբերելու ենք աջակցություն: Այս պարագայում համայնքներում փոխվելու է և մթնոլորտը, և միջավայրը», - շեշտել է Կարեն Կարապետյանը:
Խորհրդակցության ընթացքում վարչապետին են ներկայացվել նաև տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրեր, որոնք կքննարկվեն կառավարությունում և կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: Անդրադարձ է կատարվել նաև Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ կատարվող ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին:



