168.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ հունվարի 22-ին կմեկնի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Այս մասին նա ասել է CNBC-ին տված հարցազրույցում։
Ուիթքոֆի հետ միասին Մոսկվա կմեկնի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները։
«Այս հանդիպումը հենց ռուսներն են խնդրել։ Կարծում եմ՝ դա նրանց կողմից նշանակալի հայտարարություն է», – ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը։
Կրեմլն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ պատրաստվում է ընդունել Ուիթքոֆին և Քուշներին՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակում, սակայն կոնկրետ ամսաթիվ չէր նշվել։
Ուիթքոֆին նաև հարց են ուղղել՝ արդյոք Պուտինը կընդունի Խաղաղության խորհրդին միանալու Թրամփի հրավերը։
«Կարծում եմ՝ այո», – ասել է Ուիթքոֆը՝ հիշեցնելով, որ նման հրավեր Պուտինին ուղարկվել է։
Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հունվարի 20-ին Ուիթքոֆը և Քուշները հանդիպել են ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։ Փակ ձևաչափով բանակցությունները տևել են ավելի քան 2 ժամ։ Կողմերը քննարկումները որակել են որպես «դրական» և «կառուցողական»։
ԱՄՆ պատվիրակությունն արդեն բանակցությունների մի քանի փուլ է անցկացրել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի թիմի հետ։ Առայժմ կողմերին չի հաջողվել փոխզիջումային տարբերակ գտնել։



