Panorama.am-ը գրում է.
«Իհարկե, վտանգավոր շրջափուլ է սկսվել և Ադրբեջանն օգտագործում է տարբեր հարթակներ, հնարավորություններ լարելու իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում, ինչի վկայությունն են վերջին օրերի գործողությունները»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով, տարբեր ժամանակահատվածներում, խոսքը մոտակա ժամանակահատվածի մասին է, Ադրբեջանի կողմից ձեռնարկվել են որոշակի ռազմական գործողություններ տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ որևէ կերպ խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:
Նա նշեց, որ երկու օր առաջ Կիևում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին ադրբեջանական պատվիրակը փորձեց խեղաթյուրել փաստերը՝ ներկայացնելով, որ հայկական զինված ուժերն են ռազմական գործողություններ սկսել:
«Իհարկե, տրվեց համարժեք պատասխան, բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրականացնում է հեռուն գնացող նոր քաղաքականություն, որի հիմնական նպատակն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները»,- ասաց Կ. Նահապետյանը:
Նահապետյանի խոսքով, նման պայմաններում պետք է շատ զգոն լինել, պատրաստ, թե ռազմական, թե քաղաքական, թե դիվանագիտական բոլոր կարողությունները համախմբած օգտագործելուն, գործողությունները պետք է լինեն շատ հստակ, համարժեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



