Emedia.am-ը գրում է.

Հարավային Կովկասի ամենասկանդալային, խարիզմատիկ ու քննարկվող նախագահը՝ Միխայիլ Սահակաշվիլին շուտով կլքի նախագահի պաշտոնը։ Նրա քայլերն ու գործողության արդյունքը խիստ հակասական գնահատականների են արժանանում, ոմանց համար նա հանճարեղ բարեփոխումների կնքահայր է, մյուսների համար՝ դաժան բռնապետ ու պոպուլիստ։ Անկասկած կարելի է ասել, որ Սահակաշվիլին կարևորագույն դեր խաղաց թե՛ Վրաստանի, թե՛ տարածաշրջանի նորագույն պատմության մեջ։ eMedia.am-ը վերհիշում է հեռացող Սահակաշվիլիի դարաշրջանի կարևորագույն ձեռքբերումներն ու կորուստները։

1. Վարդերի հեղափոխություն:

2003 թ. նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումները փողոց հանեցին տասնյակ հազարավոր մասնակիցների՝ Միխայիլ Սահակաշվիլիի, Զուրաբ Ժվանիայի ու Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ։ Նոյեմբերի 22-ին ցուցարարները գրոհեցին ու գրավեցին Ազգային ժողովի շենքը։ Մեկ օր անց նախագահ Շևարնաձեն հանդիպում անցկացրեց Սահակաշվիլիի ու ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովի հետ, ինչից հետո հրաժարական տվեց։ 2004 թ. հունվարի 4–ին անցկացված ընտրություններում Սահակաշվիլին հավաքեց ձայների 85%-ը։ Սկսվեց Սահակաշվիլիի տասնամյակը։

Միխայիլ Սահակաշվիլին համախոհների հետ Ազգային ժողովի գրավման ժամանակ

2. էներգետիկ հիմնահարցի հաղթահարում:

Միխայիլ Սահակաշվիլիի օրոք Վրաստանին հաջողվեց հաղթահարել 90-ականներից շարունակվող էներգետիկ ճգնաժամը, թեկուզև՝ ոչ ամբողջությամբ։ Կանոնակարգվեց երկրից էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներմուծումը, գրեթե դադարեցին մայրաքաղաքում ու խոշոր քաղաքներում հովարային անջատումները։ 

Գիշերային Թբիլիսի

3. Պետական համակարգի տոտալ բարեփոխում, ցածր ու միջին օղակներում կոռուպցիայի հաղթահարում:

Միխայիլ Սահակաշվիլիի ու իր թիմի առանցքային հաջողությունը Վրաստանի պետական մի շարք գերատեսչությունների՝ ոստիկանության, սահմանապահների, հարկային տեսչության աշխատանքի արմատական վերափոխումը, ցածր օղակներում կոռուպցիայի բյուրոկրատիայի հաղթահարումը, պարզ ու թափանցիկ բիզնես–միջավայրի ստեղծումը։ Վրաստանն այժմ զբաղեցնում է բիզնես վարելու պարզության Doing Business վարկանիշի 9-րդ հորիզոնականը, կոռուպցիայի ընկալման CPI վարկանիշի 64-րդ հորիզոնականը։

Թբիլիսիի «Արդարադատության պալատն», ուր բնակիչները դիմում են պետության հետ առնչվող բոլոր հարցերով։ Պետհիմնարկների թափանցիկ շենքերը խորհրդանշում են պետության թափանցիկ աշխատանքը։

4. Լայնամասշտաբ շինարարություն:

Սահակաշվիլիի օրոք վրացական քաղաքները նոր տեսք ստացան, իրականացվեցին բազմաթիվ թանկարժեք շինարարական նախագծեր, վերականգնողական աշխատանքներ։ Դա բերեց ոչ միայն դրական, այլև բացասական արդյունքի՝ վրացական հասարակության զգալի մասին վրդովեցնում էր այն հանգամանքը, որ երկրում իրականացվում են թանկարժեք իմիջային նախագծեր, այդ թվում՝ բյուջեի փողերով, այն պարագայում, երբ սոցիալական հսկա հիմնախնդիրներ մնում էին չլուծված։

Գիշերային Բաթումիի նորակառույցների համայնապատկերն ու խարխուլ տներ Թբիլիսիի Հավլաբար թաղամասում։

5. Շարժ դեպի Արևմուտք ու ռուս–վրացական հարաբերությունների սառեցում:

Սահակաշվիլին շարունակեց դեռ Շևարնաձեի ժամանակ սկսված Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը։ Հանրաքվեի միջոցով ընտրվեց արևմտյան զարգացման ուղին, հայտարարվեց ՆԱՏՕ ինտեգրման ուղենիշ։ Այդ քայլերը բերեցին Մոսկվայի սուր հակազդմանը, վրաց–ռուսական հարաբերությունների աննախադեպ անկմանը, ու, վերջապես, 2008 թ. պատերազմին։

Սահակաշվիլին ու Բուշը Թբիլիսիում

 6. Վրաց–ռուսական պատերազմ:

Իշխանության գալուց ի վեր Սահակաշվիլին ռազմատենչ հայտարարություններ էր անում նախկին վրացական տարածաշրջանների՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ։ Երկրի ռազմական բյուջեն 30 միլիոն դոլարից հասցվեց մեկ միլիարդի, երկիրն ակտիվորեն զինվում էր։ 2004-ից ի վեր Վրաստանի, Աբխազիայի ու Օսիայի միջև զինված միջադեպեր, 2006-ին վրացական զորքերը ենթակայության տակ են վերցնում Աբխազիայի Կոդորյան կիրճը, որը մինչ այդ վերահսկվում էր վրացի դաշտային հրամանատար Էմզար Կվիցիանիի կողմից, զուգահեռաբար սկսվում է սահմնամերձ օսական գյուղերի գնդակոծում։ 2008 թ. օգոստոսի 8-ին հարավային Օսիայում սկսվոմ է լայնամասշտաբ պատերազմ, որին միջամտում է Մոսկվան։ 5 օրվա ընթացքում վրացական բանակը լիակատար ջախջախվում է, փողկապ ծամող ու գոյություն չունեցող օդանավից փախնող Սահակաշվիլիի կադրերը տարածվում են ողջ աշխարհով։ Վրաստանը կորցնում է Կոդորյան կիրճը՝ Աբխազիայում ու Լենինգորի շրջանը՝ Օսիայում, Մոսկվան ճանաչում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։ 

Սահակաշվիլին փախչում է ռուսական օդանավից, ռմբակոծված Գորին

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել