1in.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկուշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում անցկացվել են եվրոպական ընտրություններ, և շնորհակալություն է հայտնել իր թիմին՝ «Վրացական երազանք» կոալիցիային, արված աշխատանքի համար՝ հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Մենք եվրոպական ընտրություններ ենք անցկացրել և կարող ենք հպարտանալ, որ նման կարճ ժամանակամիջոցում հասել ենք նման որակի՝ այն որակի համեմատ, որ եղել է նախորդ տարի: Մեր բնակչությունը մեզ ցույց տվեց մեր մշակույթը, և ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ ընտրությունները եղել են եվրոպական: Վրաստանում նման ընտրություններ դեռևս չէին անցկացվել»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ն արդեն հայտարարել է, որ Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները համապատասխանում են կազմակերպության հրահանգներին: Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ ընտրություններում հաղթանակ տարած Գեորգի Մարգվելաշվիլին հավաքել է ձայների ավելի քան 60%-ը: