Esem.am-ը գրում է.

Հայկական  էստրադայի ամենահմայիչ երգիչներից մեկը` Դավիթ Թուջարյանը, ևս լքեց ամուրիների շարքը: Օրեր առաջ «Ես եմ…» ամսագրի նոր գրասենյակը սիրառատ էր. Դավիթն ու կինը` Սվետլանան, հյուրընկալվել էին մեզ: Երկար ու հաճելի զրույցի ընթացքում զույգի հետ խոսեցինք իրենց ծանոթության, նշանադրության ու ամուսնություն մասին: Նրանք, մեկմեկու լրացնելով, ներկայացնում էին իրենց սիրո պատմության մանրամասները` չմոռանալով մեկ անգամ ևս խոստովանել, որ շատ են սիրում իրար :)

Դավիթ Թուջարյանն ու Սվետլանան վաղեմի ծանոթներ են. վերջինս երգչի եղբոր քենին է: «Ես ու Սվետան վաղուց ենք իրար ճանաչում. մեր ընտանիքիների մեջ խնամիական կապ կա: Մոսկվայում ապրելու պատճառով, ճիշտ է, հաճախ չենք հանդիպել, բայց միշտ շատ մտերիմ ենք եղել: Իսկ անձնական շփումը սկսվել է անցյալ տարվանից, երբ ընտանիքով եկան Երևան: Նակինում  շատ ջերմ եմ վերաբերվել նրան, բայց ոչ ավելին, քանի որ ինքը դեռ փոքր էր. անցյալ ամառվա մեր հանդիպումը շատ բան փոխեց, ես նրա մեջ արդեն հասուն կնոջ տեսա,- ասաց Դավիթը` հավելելով,- երբ նրանք Երևանում էին, մի քանի անգամ հասցրինք  հանդիպել, բայց այդ ամենը կարճ տևեց. այդ օրերը համընկան մորս հիվանդության գլուխ բարձրացնելու հետ, և իմ աչքին ոչինչ չէր երևում: Այդ շրջանում ամեն ինչ այնքան խառն էր, որ չէի հասկանում, թե ինչ եմ ուզում ու ինչ պետք է անեմ: Մորս հիվանդությունը ինձ խելագարության էր հասցրել, ու չէի կարողանում իմ անձնականի մասին մտածել: Մեր տանն իսկական քաոս էր: Հիմա նոր-նոր իմ կյանքն էլի սկսվում է»:

 Դավթի հավաստմամբ` մոր մահից որոշակի ժամանակ անց, երբ ինքն արդեն փոքր-ինչ հաշտվել էր կատարվածի հետ, Սվետլանայի հետ հարաբերությունները կրկին վերականգնելու քայլեր է արել, սակայն նրա կողմից արհամարհանքի ու մերժման է արժանացել:

«Երբ արդեն մի քիչ ուշքի էի եկել, գրեցի նրան, պարզվեց` ինձանից նեղացած է: Իմ գրածներին ի պատասխան գրեց, որ եթե պետք է այսպես շարունակվի, ավելի լավ է վերջ դնենք մեր հարաբերություններին: Եթե անկեղծ լինեմ, չփորձեցի էլ նրան հակառակում համոզել ու համաձայնեցի, քանի որ ինքս էլ արդեն վերադարձել էի իմ նախկին` ցոփ ու շվայտ կյանքին :)»,- խոստովանեց երգիչը:

 Ըստ նրա` ինքը կարճ ժամանակ անց կրկին ընկերության եզրեր է փնտրել Սվետլանայի հետ ու, հերթական անգամ մերժման արժանանալով, կտրուկ քայլերի դիմել:

«Երբ որոշ ժամանակ անց իմ գրածներին ու զանգերին չպատասխանեց, որոշեցի գնալ  Մոսկվա` նրան տեսնելու.  շատ կարճ ժամանակում մտածածս իրականացրի, սակայն նրան իմ գնալու մասին բան չգրեցի, միայն նրա մայրիկին ասացի»,-  պատմեց նորափեսան, ում հավաստմամբ, իրենցից հինգ րոպե է պահանջվել խոսելու ու իրար հասկանալու համար:

Դավթի խոսքերով` Սվետայի սառը պահվածքն է իրեն ստիպել շտապ Մոսկվա մեկնելու և նրա ձեռքը խնդրելու:

Հիշելով իրենց հարաբերությունների սկիզբը` 20-ամյա Սվետան պատմեց. «Որքան ճանաչել եմ Դավթին, միշտ շատ եմ համակրել, բայց` ոչ ավելին: Մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր կամուսնանանք, բայց… Մեր ընկերության առաջին ամիսներին ամեն ինչ շատ խառն էր. նա հաճախ ասում էր, որ կգա Մոսկվա, բայց ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում, ես էլ սկսեցի չհավատալ նրան ու շատ նեղացած էի, բայց երբ եկավ, նրան տեսնելով` ամեն ինչ մոռացա»:

 Զույգի նշանդրեքը տեղի է ունեցել մարտի 11-ին, որից հետո Դավիթը նշանածին իր հետ Հայաստան է բերել` պատճառաբանելով, որ գոնե մեկ ամիս շփվեն, ավելի հաճախ հանդիպեն, բայց Հայաստան հասնելու պես` մտափոխվել է, ու հենց Երևանում էլ օրինականացրել են իրենց հարաբերությունները: Նորապսակներն այժմ բնակվում են Դավթի` Նուբարաշենի տանը:

«Քանի որ Հայաստանում պետք է իմ տանն ապրեր, ամեն տեսակ խոսակցություններից զերծ մնալու համար որոշեցինք օրինականացնել մեր հարաբերությունները: Մտերիմ հարազատներով գնացինք Սուրբ Զորավոր եկեղեցի ու Աստծո օրհնությունը ստացանք»,- ավելացրեց երգիչը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել