1in.am-ը գրում է.

ՀՀ ՄՄ անդամակցության հարցը պետք է որոշակիանա Վիլնյուսից հետո, ՀՀ որոշումը դեռևս 100%-անոց չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ պարզաբանելով ՄՄ անդամ երկրների՝ Հայաստանի հայտը երկարաձգելուն ուղղված հայտարարությունները և ինտեգրացիոն որոշակի գործընթաց անցնելու անհրաժեշտությունը:

Նա պարզաբանեց, որ Հայաստանը նախատեսում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, որից առաջ հայտարարեց ՄՄ-ին միանալու պատրաստակամության մասին, բայց պետք է խոսել այն մասին, որ չի կարելի անդամակցել մի միության, երբ այդ մասին հայտարարում են միանգամից: Ըստ նրա, թեև Հայաստանը պատրաստվում էր միանալ Ասոցացման համաձայնագրին, ԵՄ-ին միանալու մասին ոչ մեկը չէր էլ խոսում նույնիսկ տեսանելի պատմական հեռանկարում: ՄՄ-ում նույնն է, պետք է համաձայնեցնել այն նորմերը, որոնք գործում են այն երկրներում, որոնք ՄՄ անդամ են, իսկ այդ նորմերը թե՛ մաքսային են, թե՛ բեռնափոխադրման, թե՛ անցակետային են: Այսինքն՝ նրա պարզաբանմամբ, այստեղ խնդիրներն ավելի շատ տեխնիկական են, քան քաղաքական:

«Բայց այս ամենը լուծելու համար անհրաժեշտ է Հայաստանի 100%-անոց կամքը ՄՄ անդամակցության հարցում: Արևելյան գործընկերության՝ Վիլնյուսում տեղի ունենալիք գագաթնաժողովին ընդառաջ ասել, որ Հայաստանը 100%-անոց որոշում է կայացրել, չափազանցություն կլիներ: Կտեսնենք, թե ինչ է առաջարկում Հայաստանը Վիլնյուսում, և այն ինչպես կարող է համատեղվել ՄՄ-ի հետ: Չեմ կարող ասել, թե ՄՄ-ն սպասում է Վիլնյուսին, քանի որ գործընթացը զուգահեռ զարգանում է, պարզապես Վիլնյուսը կհստակեցնի իրավիճակը՝ Հայաստանը կընտրի եվրոպական վեկտորը և Եվրոպայի հետ համագործակցությո՞ւնը, թե՞ կլինի ՄՄ-ի լիիրավ անդամ: Ցավոք, այն, ինչ ցանկանում են ՀՀ իշխանությունները, այն է՝ «և-և»-ի սկզբունքը, ժամանակակից աշխարհում առաջ տանել հնարավոր չէ, և որքան ժամանակն անցնի, այնքան ավելի բարդ է լինելու: Բոլոր հարցերի պատասխանը կլինի այն, թե Վիլնյուսում ինչ կընդունվի, ինչ ձևաչափով ԵՄ-ի հետ կշարունակի համագործակցել Հայաստանը: 

Եթե խոսք լինի ազատ շուկայի և առանց մաքսերի ապրանքաշրջանառության մասին, ապա դժվար կլինի համատեղել ՄՄ-ի հետ: Այստեղ իրավիճակն այնքան էլ որոշված չէ: Մենք գտնվում ենք մի փուլում, երբ ամեն ինչ հստակ է դառնում»,- նման տեսակետ հայտնեց Կռիլովը: Ապա շարունակեց, որ վստահություն Սերժ Սարգսյանի խոսքի նկատմամբ կա, բայց Հայաստանը, ամեն դեպքում, անկախ երկիր է, և որոշումներ կայացնում է ոչ միայն նախագահը, այլև խորհրդարանը և ընդդիմադիր կուսակցությունները, կան նաև ընտրողներ, որոնք ևս պետք է իրենց կարծիքը հայտնեն այս թեմայի վերաբերյալ: Ուստի եթե որոշումը, որը Սերժ Սարգսյանն է բարձրաձայնում, անընդունելի լինի հասարակության համար, հետք է թողնելու վերջնական արդյունքում, և դա է որոշիչ լինելու, ոչ թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՄՄ-ին միանալու մասին: Իր հերթին, Վիլնյուսը ևս կարևոր դերակատարություն է ունենալու: Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով՝ եթե հայկական դիրքորոշումը չի հակասի ՄՄ-ին անդամակցությանը, ինչպես նաև ՄՄ անդամ երկրների հետաքրքրություններին, ապա դա չի բարդացնի իրավիճակը, եթե լինի ԵՄ-ի հետ ավելի խոր ինտեգրացիա, որը կհակասի այն նորմերին, որոնք գործում են ՄՄ-ում, ապա հնարավոր չի լինի: 

Կռիլովը նշեց, որ խնդիրներ կան, քանի որ Հայաստանը պետք է ներքին կանոնադրությունը և՛ միջազգային, և՛ ներքին նորմերը համաձայնեցնի ՄՄ անդամ պետությունների և ՄՄ-ում գործող նորմերին: «Եթե այս ամենը համաձայնեցվի, խնդիրներ չեն լինի»,- նկատեց նա: 

Անդրադառնալով Պուտին-Լուկաշենկո տարաձայնությանը՝ դա բնական համարեց՝ հավելելով, որ անկախ պետությունների հարաբերություններ են, և շատ դրական է, որ այն վտանգները, թե ՌԴ-ն դոմինանտ է լինելու և իր կամքն է թելադրելու, չեն հաստատվում, քանի որ մյուս երկրների նախագահները ևս իրենց տեսակետն են հայտնում, ու դա երևում է տարաձայնությունների ժամանակ: «ՄՄ-ում իրավահավասար են բոլոր անդամները»,- ասաց Ալեքսանդր Կռիլովը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Մինսկում մասնակցել էր ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին: Մինսկում Հայաստանը պարտավորվել էր չանել Մաքսային միության շահերին հակասող հայտարարություններ: Այս մասին նշվում է Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հարաբերությունների խորացման մասին հուշագրում, որ Մինսկում ստորագրել է հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, իսկ ավելի ուշ կստորագրի Տիգրան Սարգսյանը: Նշենք նաև, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասել էր, որ Հայաստանը դեռ պետք է հստակ որոշում ընդունի և որոշակի ինտեգրացիոն գործընթաց անցնի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել