Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հաղթանակ է տարել «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին (62.13 %):
Վրաստանում տեղի ունեցող նմանատիպ քաղաքական միջոցառումները Հայաստանի համար կարևոր են հատկապես այն առումով, որ Վրաստանով է տեղի ունենում Հայաստանի առևտրաշրջանառության մոտ 75 %-ը, իսկ սահմանակից պետությունների հետ համագործակցություն զարգացնելու առումով Հայաստանն առանձնապես մեծ ընտրություն չունի:
Անշուշտ Հայաստանը բավականին լավ հարաբերություններ ունի նաև Իրանի հետ, սակայն հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում Իրան-Արևմուտք հարաբերություններն ու ժամանական առ ժամանակ նկատվող լարվածությունը, վրացական գործոնը մեզ համար դառնում է առավել կարևոր (Իրան-Արևմուտք հնարավոր բախման դեպքում՝ դեպի արտաքին աշխարհ ելք կապահովվի Վրաստանի միջոցով):

Հայաստան-Վրաստան հարաբերությունը բավականին հետաքրքիր նրբերանգներ են պարունակում ոչ միայն Ջավախքի ու առհասարակ հայ-վրացական հարաբերությունների, այդ թվում՝ չկարգավորված մի շարք հարցերի առումով, այլև Վրաստանի վրա անընդհատ մեծացող թուրք-ադրբեջանական ազդեցությամբ:
Ընդ որում, եթե երկրի ներսում տեղի ունեցող բարեփոխումների, ժողովրդավարական գործընթացների առումով, ՀՀ-ն ու Վրաստանը կարելի է դիտարկել մեկ հարթության մեջ, ապա արտաքին քաղաքական կուրսի առումով, ունենք լրիվ այլ իրավիճակ:
Ի տարբերություն Հայաստանի, ով ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, Վրաստանի հարաբերությունները հենց միայն Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցի շուրջ բավականին բարդ են ու լարված: Վրաստանն ուղղություն է վերցրել ՆԱՏՕ և Եվրամիություն (այս պահին հարաբերությունները հաջողությամբ զարգանում են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համատեքստում), իսկ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունները փորձում է կառուցել այնպես, որպեսզի դրանք համադրելի լինեն ՀՀ-Մաքսային միություն և Հայաստան-Եվրասիական միություն համագործակցությանը. միաժամանակ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Սա ենթադրում է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության պոտենցիալն ավելի սահմանափակ է:

Մեկ կարևոր հանգամանք ևս. Վրաստանը կարևոր նշանակություն ունի նաև ՀՀ-ՄՄ հարաբերություններում, քանի որ ամեն դեպքում ցամաքային ճանապարհը ՌԴ-ի հետ անցնում է Վրաստանով է, և Հայաստանի ու Մաքսային միության անդամների հետ մեր համագործակցության արդյունավետությունը շատ գործոններով կապված է ՀՀ-Վրաստան, ՌԴ-Վրաստան հարաբերությունների զարգացման դինամիկայից:

Այս տեսանկյունից պետք է փաստել, որ վրացական գործոնը գնալով դառնում է առավել կարևոր ու Հայաստանը պետք է ամեն ինչ անի (նաև վրացահայերի ակտիվ ներգրավմամբ) առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու և Վրաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի՝ առավել բարձր, հասցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել