Սեբաստյան Ֆետտելը` աշխարհի քառակի չեմպիոն: Պատկերացրեք: Ընդամենը 26 տարեկանում նա գերազանցեց այնպիսի լեգենդների, ինչպիսիք են` Նիկի Լաուդան, Ջեկ Բրեբեմը, Նելսոն Պիկեն, Ջեկի Ստյուարտն եւ ԱՅՐՏՈՆ ՍԵՆՆԱն եւ հավասարվեց Ալեն Պրոստի հետ: Վերջինս իր 4-րդ տիտղոսը նվաճեց 38 տարեկանում: Առջեւում միայն Խուան Մանուել Ֆանխիոն եւ Միխաել Շումախեռն են, ովքեր իրենց վերջին եւ համապատասխանաբար 5-րդ եւ 7-րդ տիտղոսները նվաճել են 46 եւ 35 տարեկանում: Շատերը, հատկապես Ֆորմուլա 1-ի ստաճավոր երկրպագուները, լուրջ չեն ընդունում երիտասարդ գերմանացու ֆենոմենալ այս արդյունքները, դրանք վերագրելով միայն ամենաարագ մեքենային եւ դրա ``գինեկոլոգ`` Էյդրիան Նյուիին: Երկրպագուներից շատերը, ովքեր դեռ հիշում են վերը թվարկածս ՄԵԾերին, չեն հաշտվում այն մտքի հետ, որ ընդամենը 26 տարեկան երեխան այսքան կարճ ժամանակահատվածում կարողացավ իր անունը ոսկե տառերով հավերժորեն գրել Ֆորմուլա 1-ի օլիմպոսում: Պելետոնի իր մրցակիցներից շատերը նույնպես Ֆետտելին լավագույնը չեն համարում: Օրինակ`. Հնդկաստանի Գրան Պրիի նախաշեմին, Լյուիս Հեմիլթոնն հերթական անգամ ``կծեց`` Սեբաստյան Ֆետտելին, ասելով որ այս բոլիդով Ֆերնանդո Ալոնսոն շատ ավելիի կհասներ: Շատ մասնագետներ այղ ամենի մասին մեկ անգամ չէ որ փորձել են հասկացնել իրենց պաշտոնական բլոգներում, կամ հարցազրույցների ժամանակ: Ես նույնպես, ողջ մրցաշրջանի ընթացքում մանրամասն վերլուծելով յուրաքանչյուր գրան պրին, ավելի շատ քննադատել եմ, քան գովել Սեբին, ում ես ամենեւին էլ երեխա չեմ համարում: Իմ քննադատության պատճառներն ըստ իս օբյեկտիվ եւ ռացիոնալ էին, քանի որ դեռ չեմ հանդիպել մեկին, ով Ֆետտելի` Մալայզիայի Գրան Պրիի արարքը սպորտային կհամարի, այդ իսկ պատճառով ես չեմ եղել եւ երբեք էլ չեմ լինի Ֆետտելի երկրպագուն: Սակայն... Հապա մի տեսեք այս նկարները:

Երբ նա ֆինիշից հետո, հերթական անգամ իր կապրիզն առաջ տանելով չենթարկվեց թիմին եւ մեքենան փակ պարկ հասցնելու փոխարեն հասցրեց մեկնարկային ուղղաձիգ, որից հետո սկսեց ``պոնչիկներ`` անել գլխավոր տրիբունաներում հավաքվածների համար, ես սկսեցի նրան հոտընկայս ծափահարել: Իսկ երբ նա միլիարդավոր հեռուստադիտողների աչքի առաջ խոնարհվեց սեփական մեքենային, ես ուղղակի չկարողացա զսպել հուզմունքս:

Այո նա եսասեր, թիմի ղեկավարության կողմից երես առած եւ գերամբիցիոզ անձնավորություն է: Սակայն, փորձեք մեծագույն չեմպիոնների մեջ գտնել մի քանիսին, ովքեր այդպիսին չէին: Այո կան այդպիսիք` Դենի Հալմ, Դեյմոն Հիլլ, Ջակ Վիլնյով... Սակայն, այսօրվա ժամանակներում այլ կերպ ուղղակի անհնար է չեմպիոն դառնալ: Ֆորմուլա 1-ը դաժան սպորտ է եւ այստեղ չեն գալիս ընկերներ ձեռք բերելու, այլ բոլորին հաղթելու համար: Ես միշտ ասել եմ, որ գոյություն ունեն 2 տիպի պիլոտներ` հրաշալի տղաներ(Կոլլինս, Պատրեզե, Կուլթհարդ, Բարիկելլո, Ուեբբեր) եւ մեծագույն չեմպիոններ (Պրոստ, Շումախեր, Ալոնսո, Ֆետտել): Ֆետտելը մեծագույն չեմպիոն է անկախ ամեն ինչից եւ եթե ձեզանից որեւիցե մեկը դրանում դույզն ինչ կասկածում է, ապա հատուկ նրանց համար ես կգրեմ ին հաջորդ տողերը:

Ավտոսպորտում հայտնվելու առաջին իսկ օրվանից Սեբաստյան Ֆետտելը առաջիններից մեկն է եկել մրցուղի եւ վերջիններից մեկն հեռացել: Նրա ճանապարհը հեշտ չի եղել, քանի որ ի տարբերություն Լյուիս Հեմիլթոնի, նա իր թիմի աջակցությունը ստացել է, ոչ կարտինգից: Իսկ մինչ այդ նա իր հայրիկի հետ անքուն գիշերներ է անցկացրել մեքենայում, քանի որ պետությունից պետություն տեղափոխվելիս, նրանք ուղղակի հյուրանոցի համար գումար չունեին: Ես անձամբ եմ հիշում 2006 թվականի Թուրքիայի Գրան Պրիի ազատ երթերը, որտեղ 18-ամյա պատանին, նստելով BMW SAUBER-ի ղեկին, ցույց տվեց լավագույն արդյունքը: Ո?վ է ասում, որ նրա համար հեշտ է եղել Ֆորմուլա 1-ում: Հիշեք 2007 թվականին, Ֆուձիայամա լեռան մոտակայքում գտնվող, Ֆուձի մրցուղում հորդառատ անձրեւի տակ անցած Ճապոնիայի գրան պրին, որտեղ նա համեստ Տոռո Ռոսսոյի ղեկին հասավ 3-րդ տեղ եւ անվտանգության մեքենայի պայմաններում, Լյուիս Հեմիլթոնի անկայուն պիլոտաժի պատճառով, չկարողանալով կողմնորոշվել հարվածեց իր ապագա թիմակից Ուեբբերին: Մեկնաբանելով այդ գրան պրին ուղիղ եթերում, ես ապշել էի, թե ինչպես էր նա լաց լինում դրանից հետո եւ ինչքան շատ քննադատական խոսքեր նա լսեց, հիմնականում Ուեբբերից: Սակայն նա չհանձնվեց, չկոտրվեց եւ սկսեց էլ ավելի շատ իր վրա աշխատել, ինչի արդյունքը դարձավ մյուս` Չինաստանի գրան պրիում իր նվաճած 4-րդ տեղը: 2010 թվականի վերջին` Աբու Դաբիի գրան պրիում, չեմպիոն դառնալու նրա շանսերը շատ ավելի քիչ էին, քան իր թիմակցինն ու Ալոնսոյինը: Ճիշտ է, այդ գրան պրիի ելքը վճռեց Վիտալիյ Պետրովը, սակայն Ֆետտելը կրկին իրենից եկող առավելագույնն արեց եւ դարձավ չեմպիոն: Դրանից մեկ տարի անց, երբ նա արդեն վաղաժամկետ ապահովել էր իր 2-րդ տիտղոսը, նույն Յաս Մարինայում մեկնարկելով փոուլ փոզիշնից նա ավարտեց մրցարշավն, հազիվ թե սկսելով այն: Սակայն դրանից հետո վերադառնալով բոքսեր, նա ի տարբերություն ոմանց չփակվեց մոթորհոումում, կամ չսկսեց պաղպաղակ համտեսել, այլ վերցնելով նոուփբուքը, ինժեներների հետ փորձեց հասկանալ, թե որն էր անվադողի փայթյունի պատճառը, իսկ դրանից հետո նստեց թիմային կամրջակին եւ Հորների, Նյուիի, Ռաքլենի եւ Պիլբիմի հետ միասին սկսեց հետեւել մրցարշավի ընթացքին, որպեսզի իր իսկ խոսքերով մի քանի նոր բան սովորի: Նա չէր ցանկանում զուր կորցնել իր ժամանակը, քանի որ ամեն անգամ չէ հնարավորություն ընձեռնվում հետեւելու մրցարշավի ընթացքին կողքից: Իսկ ինչ կասեք նախորդ տարվա Բրազիլիայի գրան պրիի մասին: Մի?թե նրա այդ մրցարշավը պատմության ամենագեղեցիկներից մեկը չէ: Այդ օրը, անգամ նրա թիմակից Ուեբբերը նրան չցանկացավ օգնել, եւ այս տարի Մալայզիայում Ֆետտելը նրան պատասխանեց հենց այդ քայլի համար: Եվ չնայած Բրազիլիայի գրան պրիի բոլոր դժվարությունների, նա հասավ իր ուզածին, այն է 3-րդ տիտղոսին: Ընդ որում, անցած տարի Լյուիս Հեմիլթոնի մեքենան մրցաշրջանի սկզբում եւ վերջում լավագույնն էր, սակայն առաջնության անդրանիկ 2 գրան պրիներում նվաճած փոուլերը նա չկարողցավ հաղթանակի վերածել, ինչն էլ հետագայում նրան ետ մղեց առաջնությունում, իսկ երբ Ֆետտելը ստացավ լավագույն մեքենան, նա իր շանսը բաց չթողեց: Այսպիսին է նա, նորաթուխ 4-ակի չեմպիոնը եւ ով էլ ինչ ասի, նա արժանի է այն ամենին, ինչին հասել է: Երբ այս տարվա մրցարշավներից 5-ի ժամանակ Ֆետտելին սուլում էին իրենց անարդարացիորեն խափված զգացող երկրպագուները, նա չկոտրվեց եւ բոլորին պատասխանեց մրցուղում, մեկը մյուսին հաջորդող հաղթանակներով: Այո մենք կարող ենք շա~ատ ասպեկտներ մեջբերել, օրինակ`. լավագույն մեքենան, Էյդրիան Նյուիի հանճարեղությունը, ամեն անգամ Ուեբբերի ``գլխին սարքելը``, Սեպանգը, նախորդ տարվա անվադողերին վերադառնալը, որից հետո Ռեդ Բուլլն ըստ իր կարգախոսի` ``թեւեր առավ``: Սակայն սրանք ամենեւին էլ կապ չունեն Ֆետտելի տաղանդի հետ, որը համաձայնեք, որ վիթխարի է: Լինելով անկեղծ եւ հիշելով նախկին բոլոր մեծագույններին, պետք է նշեմ, որ Ֆետտելն այդուհանդերձ առանձնանում է նրանցից: Չեմ հիշում եւս մեկին որ այսքան աշխատասեր եւ իր գործի խելագառ լիներ: Ժամանակին ԱՅՐՏՈՆ ՍԵՆՆԱ ԴԱ ՍԻԼՎԱՆ նույնպես առաջինն էր գալիս մրցուղի եւ վերջինը հեռանում, սակայն, որքան էլ ՀՐԱՇԱԳՈՐԾՆ իմ կուռքն է, ցավոք ես այդ ժամանակներին անգամ դպրոցական չէի եւ այսօրվա պես լայն հնարավորություն չունեի հետեւելու նրա աշխատանքին: Իսկ 21-րդ դարի տեխնոլոգիաները, այսինքն` մամուլը, գերժամանակակից հեռարձակումները, թիմային ռադիոները եւ բազմաթիվ հարցազրույցներն ինձ թույլ տվեցին տեսնել այսօրվա պիլոտներին տարբեր կողմերից: Երբ մեծն Միխաել Շումախեռը գլխավորելով գրան պրիում, վերջին վայրկյաններին ուներ վիթխարի առավելություն, նա վերջին շրջաններին ընթանում էր սովորական տեմպից 3-5 վայրկյանով դանդաղ, որպեսզի պահպանի մեքենան եւ դա այն դեպքում, որ նրա ժամանակներում չկար ``մրցաշրջանում 8 շարժչի`` կանոնը, փոխանցումատուփերի սահմանափակ քանակությունն եւ թեսթերի բացակայությունը: Իսկ Ֆետտելը, վերջին շրջաններին ունենալով ահռելի առավելություն, ոչ միայն չէր դանդաղեցնում մեքենան, այլ հակառակվելով թիմային համջակից եկող հրամաններին, բազմաթիվ անգամ ընթանալով խելագառի պես, հենց ֆինիշին ցույց է տվել մրցարշավի լավագույն շրջանը եւ դա այն դեպքում, որ այդ նույն շասսիոյով, շարժիչով եւ փոխանցումատուփով, նա պետք է հանդես գար դեռ եւս մի քանի գրան պրիներում: Ահա թե ինչպիսին է մեր նոր 4-ակին: Ճիշտ է, ինձ համար եւս դժվար է նրան համեմատել անցյալի այնպիսի մեծագույնների հետ, ինչպիսիք են Ռոզեմայերը, Նուվոլարին, Ասկարին, Ֆանխիոն, Կլարկը, Լաուդան, Վիլնյովը կամ ՍԵՆՆԱՆ, սակայն կա մեկ հանգամանք, որը ոչ ոք չի կարող ժխտել: Սեբաստյան Ֆետտելը քնում է, արթնանում է, հաց է ուտում, շնչում է , քայլում է, մեկ խոսքով ԱՊՐՈՒՄ Է ՄՐՑԱՐՇԱՎԵՐՈՎ, ինչի շնորհիվ էլ նա, արդեն 26 տարեկանում, դարձավ բոլոր ժամանակների մեծագույններից մեկը եւ արդեն իսկ ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴ: Շնորհավոր 4-ակի Weltmeister:




