1in.am-ը գրում է.

ՀՀ 2014 թ. պետբյուջեի առանձնահատկություններից մեկը սոցիալական քաղաքականության ներդրումն է: Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ սոցիալական քաղաքականությունը վերջին տարիների ընթացքում արմատական փոփոխությունների է ենթարկվել. այսուհետ այն ոչ միայն հետևանքների դեմ պայքարին է ուղղվելու, այլև սոցիալական խնդիրներ ծնող պատճառների վերացմանը: 

«Երկու հիմնական պատճառ կա, որ ծնում են աղքատություն՝ աշխատատեղեր և կրթություն. աղքատ ընտանիքների ճնշող մեծամասնությունը հնարավորություն չունի ընտանիքի անդամներին պատշաճ կրթություն տալու: Աղքատ ընտանիքների համար ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա երեխաների՝ կրթություն չստանալուն, այս խնդրի լուծմանն ուղղված միջոցներն էականորեն ավելացվել են: Հաջորդ առանձնահատկությունը ինտեգրացված սոցիալական համակարգի ներդրումն է. կբացվեն ևս տասնութ կենտրոններ, որոնք մատուցելու են ծառայություններ: Մենք հրաժարվում ենք սոցիալական օժանդակության տրամադրման ֆորմալ մոտեցումից. այն լինում է առարկայական՝ ըստ խոցելի խավերի կողմից ներկայացված պահանջների»,- ասաց նա: Վարչապետը մասնավորեցրեց. եթե մի ընտանիքի համար կարևորը նպաստն է, նրան հենց նպաստ է հատկացվելու, հաջորդի համար կարող են կարևոր լինել կրթությունը, առողջությունը, իրավական խնդիրները. բոլորը գտնվելու են սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում: 

Թոշակներին ուղղված քաղաքականությունը ևս որակական փոփոխությունների է ենթարկվել. հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացման արդյունքում 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգա, ընդ որում՝ նվազ թոշակ ստացողների մոտ աճի տեմպերը կլինեն ավելի բարձր, մյուսների մոտ՝ ցածր, իսկ 93 հազար դրամ և ավել ստացողների թոշակների բարձրացում չի նախատեսվում: 

Սարգսյանն անդրադարձավ նաև ԱԺ որոշմանը՝ գործազուրկներին 18 հազար դրամ նպաստից զրկելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ, քանի որ այդ համակարգի միջոցով հատկացվող գումարների միայն վեց տոկոսն էր հասնում շահառուներին: «Սա մեր երկրի համար արդյունավետ չէ: Շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն, աղքատ երկրների համար այս համակարգը չի կարող արդյունավետ լինել: Հազարավոր մարդիկ ստանում էին ուղղակի ֆինանսական միջոցներ, որոնք ամենևին չէին նպաստում մի կողմից՝ սոցիալական խնդիրների լուծմանը, մյուս կողմից՝ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց նա: 

Վարչապետը հավելեց, որ իրենք առաջարկում են ֆինանսական միջոցներն ուղղել ակտիվ սոցքաղաքականության ծրագրի ներքո նոր աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալապես անապահով ընտանիքներին լրացուցիչ ծառայությունների ապահովմանը և սոցիալապես խոցելի խավերին, իսկ այդ 18 հազար նպաստները, ըստ նրա, հաճախ ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ: 

Գալիք տարվա պետբյուջեյում առաջնահերթություն է տրվելու երեք ոլորտների՝ կրթություն, առողջապահություն և սոցիալական ոլորտ: Այս բնագավառներում ավելացվում է ֆինանսավորումը՝ հնարավորություն տալով ապահովել առաջընթաց: 

Տեղեկացնենք, որ ՀՀ 2014 թ. պետական բյուջեն կկազմի` եկամուտների գծով՝ 1 134.4 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 244.9 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 110.5 մլրդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել