Doctors.am-ը գրում է.
Գիտնականները կրկին իրենց ուշադրությունն են հրավիրել սուրճի վրա: Այս անգամ նրանք որոշել են պարզել, թե ինչպես է այս հրաշալի ըմպելիքն ազդում ամենակարևոր ներքին օրգաններից մեկի վրա:
Դյուկի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ օրական չորս բաժակ սուրճ կամ թեյ ըմպելը դրական է անդրադառնում լյարդի վրա: Դա կապված է այս մթերքներում առկա կոֆեինի հետ:
Մասնագետները փորձեր են կատարել լաբորատոր կենդանիների վրա և պարզել, որ կոֆեինը նպաստում է լյարդում կուտակված ճարպերի այրմանը:
'Մենք առաջինն էինք, որ ուսումնասիրեցինք կոֆեինի ազդեցությունը լյարդի նյութափոխանակության վրա, և, բարեբախտաբար, մեր գիտական հետաքրքրասիրությունը պարգևատրվեց շատ հետաքրքիր և խոստումնալից արդյունքներով',- ասում է Դյուկի համալսարանի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, հետազոտող խմբի ղեկավար Փոլ Յենը:
'Սուրճը և թեյը ժողովրդականություն վայելող ըմպելիքներ են, այդ իսկ պատճառով այն փաստը, որ մենք հայտնաբերել ենք դրանում նաև թերապևտիկ արժեք, կարևոր է ոչ միայն գիտական, այլև հասարակության իրազեկվածության տեսանկյունից: Չէ որ շատերը դեռ համոզված են, որ սուրճը վնասակար է առողջության համար',-հավելում է նա: