1in.am-ը գրում է.

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին, ինչպես սպասվում է, այսօր Բեյրութից կուղևորվի Դամասկոս: Դիվանագիտական աղբյուրների տվյալներով, որոնց հղում է անում «Ալ-Մուստակբալ» հեռուստաալիքը, դա պայմանավորված է սիրիական կողմի հետ հավելյալ շփման անհրաժեշտությամբ: 

Դամասկոսում արդեն պատրաստակամություն են հայտնել ընդունելու ալժիրցի դիվանագետին՝ հիշեցնելով չեզոքության պահպանման կարևորության մասին: Նախագահ Բաշար Ասադը մասնավորապես «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում անցած շաբաթ Բրահիմիին խորհուրդ էր տվել դուրս չգալ առաքելության շրջանակներից:

Բանագնացը, ով դիվանագիտական ջանքեր է ձեռնարկում՝ ուղղված «Ժնև-2» խաղաղ համաժողովի կազմակերպմանը, կիրակի Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: 

Իրանի առաջնորդը նշել է Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու և երկրի տարածք ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը կանխելու կարևորությունը: Ըստ Ռուհանիի՝ քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված այդ քայլերը կնպաստեն Սիրիայում կայունության ու խաղաղության նվաճմանը: Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել Թեհրանում գումարել տարածաշրջանային հանդիպում՝ սիրիական ճգնաժամի կարգավորման համար ընդհանուր հարթակ մշակելու նպատակով:

Բրահիմին իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում այցելել է Եգիպտոս, Հորդանան, Իրաք, Քուվեյթ, Օման, Թուրքիա և Կատար: Դամասկոսում, ինչպես սպասվում է, պաշտոնական հանդիպումներից բացի՝ նա կհանդիպի նաև ներքին ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Ազգային կոալիցիան դեռևս չի որոշել խաղաղ համաժողովին իր մասնակցության հարցը և խոստանում է վերջնական որոշման մասին հայտնել նոյեմբերի 9-ին կայանալիք Ազգային կոալիցիայի ղեկավարության հանդիպումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել