Երկար եմ մտածել այս հարցի շուրջ, բայց չեմ կարողանում մի պարզ պատասխան գտնել՝ ո՞վ է Գագիկ Շամշյանը և ո՞րն է նրա պաշտոնը:  Այս մարդը մեկ ֆոտոլրագրող է, մեկ ոստիկան է, մեկ գործ տվող է, մեկ «հատուկ» թղթակից է, մեկ այն մարդն է, որն իր նկարների համար գումար չի պահանջում,  մեկ էլ այն մարդն է, որն իր համար թանկարժեք մեքենա է գնում:

Մեկ ամիս առաջ էր, երբ նրա հարցազրույցը լսեցը: Իրեն տվեցին այս նույն հարցերն ու ինքն էլ չկարողացավ պատասխանել... Ու չպատասխանեց ոչ թե, որ ճիշտ պատասխանը չգիտեր, այլ, որ տարիներ շարունակ համառորեն ստում է մարդկանց: Լեգենդ է հորինել իր մասին, որի տակից դուրս գալ չի կարողանում: Հիմարի համար էլ ակնհայտ է, որ այս մարդը կերպար է, որը ստեղծած  շահառուների խումբն ամեն գնով ջանում է պահպանել: Հիշում եմ՝ Խորհրդային Միության պետական գաղափարախոսության կարևորագույն բաղկացուցիչ մասը կուռքերի կերտումն էր: Գուցե հիմա էլ նո՞ւյնն ենք փորձում կրկնել: Գուցե նոր Ստախանով ենք ստեղծում, որի փոխարեն 15 հոգի աշխատում է: Չգիտեմ…

Տեսնես նա խիղճ ունի՞,  կամ կյանքում լաց եղե՞լ է: Օրվա ընթացքում երևի մեկ մահ հաստատ տեսնում է: Իսկ կարող է սիրտը քարի՞ց է: Լսել եմ նույնիսկ, որ երբ ինքն ավտովթարի ենթարկվեց, այդ ժամանակ էլ դուս էր եկել մեքենայից ու նկարում էր իր ավտովթարը: 
Այսքանից հետո ո՞վ է նա: Երևի նրա կենացը խմելիս ասում են. «Գագի՛կ ջան, Աստված տա՝ միշտ գործերը լավ լինեն», որն իրենից ենթադրում է՝ Աստված տա միշտ ավտովթար լինի ու զոհեր, թե՞ Աստված տա շուտ շուտ ԾԵԾ ուտես, որ լավ տեսանյութեր սարքես դրանց վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել