ԵԱՀԿ առաքելությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ համատեղ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 17-ին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Հադրութի ուղղությամբ տեղի ունեցած դիտարկման ժամանակ արձանագրված միջադեպին և դրա հետևանքով, անվտանգության նկատառումներից ելնելով, դիտարկման ընդհատմանը:
Երեկ տեղի ունեցած միջադեպին արձագանքելով, ԼՂՀ ԱԳՆ-ն և ՊԲ-ն իրենց հայտարարություններում նշել էին, որ միջադեպն ընդհատվել էր «ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով»:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հայտարարության մեջ նշվում է, որ «դիտարկման ընթացքում հնչած կրակրոցների ուղղությունը անհնար է եղել ճշտել»:

Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսելի էր. համանախագահների այս հայտարարությունից պարզ է դառնում, որ միջնորդները չցանկանալով շեղվել «սահմանված գծից», կրկին ընդհանուր բնույթի հայտարարություն են անում, ինչը «կանաչ լույս» է Ադրբեջանի համար, հետագայում ևս նման սադրանքների գնալու համար:
Այս և նմանատիպ միջադեպերը լավագույն վկայությունն են այն բանի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարից, ինչի մասին լավատեղյակ են նաև համանախագահ երկրները: 
Ինչևէ, որքան էլ ցավալի է, տարածված հայտարարությունը մեկ բառով կարելի է որակել վտանգավոր, քանի որ այն ոչ միայն կանխարգելիչ գործառույթ չունի, այլ մեծ առումով նպաստում է նմանտիպ միջադեպերի կրկնությանը, ինչը չի բացառում նաև հետագայում արձակված կրակի ոչ թե «զգուշացնող», այլ «խոցող» նպատակների հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել