Galatv.am-ը գրում է.

«Ես կարծում եմ, որ Զորի Բալայանը շատ ճիշտ արեց, որ այդ նամակը ուղարկեց, որոշակի պատմական ծալքեր կային այստեղ, որոնք պետք է, որ բացահայտվեին»,-այս կարծիքին է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ ճիշտ կլինի նաեւ Վ. Պուտինին հրավիրեն Արցախ, որ գա ու տեսնի՝ ինչ երկիր է Արցախը, ինչպիսի մշակույթ ունի:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Արցախի թեմի առաջնորդ Պ. արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ ամբողջությամբ:

-Սրբազան հայր, արդեն երկու օր անընդմեջ եւ այսօր մամուլում եւ սոցիալական ցանցերում քննարկում են Զորի Բալայանի նամակի բովանդակությունը՝ ուղղված ՌԴ նախագահին: Արցախից պաշտոնական գնահատականները ավելի քիչ էին:  Ձեր գնահատականը ինչպիսի՞ն է Զ. Բալայանի նամակի եւ դրա շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ:

-Ես կարծում եմ, որ Զորի Բալայանը շատ ճիշտ արեց, որ այդ նամակը ուղարկեց. որոշակի պատմական ծալքեր կային այստեղ, որոնք պետք է որ բացահայտվեին, որպեսզի Ռուսաստանի նախագահը ավելի լավ տիրապետեր այդ ամենին: Գիտեք՝ նախագահը մարդ է եւ ամեն մարդ իր ազգի պատմությունը` նույնիսկ Ռուսաստանինը իդեալական չգիտի, եւ ինքը պարտադիր չէ, որ մանրամասներ իմանա մեր մասին: Խոսքը առանցքային մանրամասների մասին է, ճակատագրական մանրամասների, ուստի գտնում եմ, որ Զորի Բալայանը շատ ճիշտ արեց. այդ կարեւոր պատմության քաղաքական խնդիրը բացահայտում արեց:

-Պարգեւ սրբազան, մասնավորապես ի՞նչը բացահայտեց: Նա նամակում շարադրում է 200 տարվա պատմություն ունեցող պայմանագրի մասին, եղելության մասին: Իսկ ի՞նչն էր, որ պատմությամբ լավ չէր բացահայտված, եւ Զորի Բալայանը բացահայտեց:

-Մենք՝ հայերս, ձգտեցինք պարսկական իշխանությունից անցում կատարել ռուսական իշխանության տակ՝ որպես նույն մշակույթի, նույն հավատքի ժողովուրդ, սա էր մեր նպատակը, իսկ այս ամենից հետո մեզ տանել

Ադրբեջանի կամ ոնց որ ասում են թուրքական մշակույթի տակ, սա ի՞նչ է: Այդ դեպքում մեզ ինչի՞ պիտի հաներ, հասկանու՞մ եք` սա է, Զորի Բալայանի ամբողջ ասածը հենց սա էր: Այսինքն` ավելի լա՞վ չէր, որ պարսկական լծի տակ մնայինք, քան թե թուրքական: Սա է խնդիրը: Ամենածանրը ամբողջ պատմության մեջ թուրքական լուծն է:

Գիտեք` պարտավորություն մենք ոչ մեկին չենք դնում: Հրավիրում ենք, որ ինքը գա ու իր աչքերով տեսնի, թե սա ինչ երկիր է, ինչ մշակույթի պատկանող երկիր է, բայց թե...: Նա իրավունք ունի հրավիրելու, իսկ ինչու՞ ոչ: Ցանկացած մարդու մենք իրավունք ունենք հրավիրելու: Այլ բան է՝ կգա՞ն, թե՞ չեն գա, դա բոլորովին այն խնդիր է:

-Զորի Բալայանը իր նամակով հայտնվել է քննադատության թիրախում: Նրան քննադատում են դավաճանության համար, ասում են` պետք է զրկելն Արցախի շքանշաններից, եւ որ նա արհամարհում է Արցախի համար կռված մարդկանց...

-Ոչ, այդպիսի բան չկա եւ պետք էլ չէ այդպիսի մեկնաբանություններ անել, դա արդեն նշանակում է սպեկուլյացիա անել, այդպիսի միտք չկա նամակում: Մենք միայն ուզում ենք մեր անկախությունը ամրապնդենք, սա է մեր բոլորիս նպատակը եւ ցանկությունը:

-Իսկ եթե դա է մեր նպատակը՝ անկախությունը, այդ դեպքում ի՞նչ ենք ուզում Ռուսաստանից:

-Ո՞րն էր նպատակը, Զ. Բալայանն ասել է, որ մենք ազատագրվել ենք պարսկական լծից եւ անցել ենք քրիստոնեական Եվրոպայի միակ գերտերությանը, նպատակը ո՞րն էր՝ քրիստոնեական արժեքների իրական դաշտում ապրել եւ գոյատեւել, սա էր մեր երազանքը, բայց ոչ թե հետո Սովետական Միությունը գար եւ մեզ մատներ թուրքական լծին, սա էր:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել