Lragir.am-ը գրում է.
Մենք նորից անհանգստացած ենք այն նենգ իրավիճակով, որ հյուսվում է մեր շուրջը:
Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարը իր բազմաթիվ հայտարարություններում փորձել է Մինսկի խմբի համանախագահների, նրանց երկրների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել հայ փախստականների իրավունքների ոտնահարման ու շրջանցման փաստին: Իրենց մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության սկզբունքների ջատագով հայտարարած երկրների իշխանությունները ամեն հնարք օգտագործում են հայ փախստականներին <<կոնֆլիկտի կարգավորման>> ձևաչափից դուրս թողնելու համար: Նրանք համառորեն կիրառում են այսպես կոչված մադրիդյան սկզբունքները, որոնց հիմքում ընկած ռասիստական մոտեցումները միշտ հեռու են պահելու հայ փախստականներին ու նրանց խնդիրները:
Բարձրադիր պաշտոնյաները Բաքվի շահիդների ծառուղում պաշտոնական արարողակարգի շրջանակներում այցելում և ծաղկեպսակ են դնում 1988-94 թվականներին Բաքվում և Ադրբեջանի այլ մասերում բնիկ հայերին ու մյուս ազգերի և դավանանքի ներկայացուցիչներին գազանաբար սպանած հանցագործ տարրերի շիրիմներին:
Մենք բազմիցս հորդորել ենք այդ բարձրադիր պաշտոնյաներին հետ կանգնել նման քայլից, քանի որ դրանով այդ երկրներն ու կազմակերպությունները իրականում դառնում են Բաքվի ցեղասպան մեքենայի շարժիչ ուժը: Բայց մեր հորդորները մինչ այժմ ապարդյուն են: Սաֆարովյան դեպքերը հստակեցրին ու ցուցադրեցին այդ երկրների անատամ ու անսկզբունք պահվածքը, թե ինչպես են նրանք կիրառում երկակի ստանդարտներ թե´ մարդու իրավունքների հարցում, թե´ քաղաքացիական հասարակության ձևավորման համար:
Ագրեսոր, տեռորիստական ու ինքնակոչ ռեժիմը պաշտոնապես, որպես պետական քաղաքականություն, ի լուր աշխարհի պաշտպանեց սաֆարովյան արարքը, խրախուսեց և հերոսացրեց արյունախում ու տմարդի մարդասպանին, կոչ արեց նոր նման ցեղասպանական գործողությունների: Ռեժիմը արդեն քսան տարի ամեն օր անթաքույց ու անպատիժ դաստիարակում է տեռորիստի ու ցեղասպանի հոգեբանությամբ մի ամբողջ սերունդ` ընդդեմ հարևան ժողովուրդների, սահմանի վրա կազմակերպում է երիտասարդների սպանդ, Հայաստանի Հանրապետությանն ու ինքնիշխան Արցախին պահում է շրջափակման մեջ, իսկ տարածաշրջանը` թունավորում պատերազմաշունչ վայրահաչություններով:
Ու այդ բոլորը լուսավոր ու աշխարհին կարգ թելադրող եվրոպաների ու ամերիկաների տեսադաշտում: Ինչպե՞ս է պատահում, որ տեռորիզմի դեմ անողոք պատերազմ մղող այդ երկրներն ու կառույցները հաշտ և համերաշխ հետևում են Բաքվի ռեժիմի քայլերին ու դեռ իրենց <<լոյալ>> և <<տոլեռանտ>> պահվածքով էլ հրահրում են նրան նոր ակտերի:
Եվ մի՞թե նրանց նպատակը մեր տարածաշրջանում <<կոնֆլիկտի կարգավորումն>> է, այն էլ խաղա՞ղ ճանապարհով, Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների զրկանքների հաշվի՞ն ու նրանց իրավունքների կոպիտ ոտնահարմա՞մբ:
Պարոն նախագահ, այդ ի՞նչ մտահոգություն հնչեց ԵԽԽՎ նիստի ժամանակ /02.10.2013/ այն ներքին տեղահանվածների նկատմամբ, որոնք Բաքվի կողմից Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի նկատմամբ հրահրված ցեղասպանության պատճառով ստիպված էին հեռանալ այն վայրերից, որտեղ հայերը միշտ էլ համախումբ են ապրել: Իսկ որտե՞ղ են ապրելու Սումգայիթից, Բաքվից, Գանձակից, Շահումյանի շրջանից, Գարդմանից, հարթավայրային Ղարաբաղից, Նախիջևանից մազապուրծ փախած հայերը, ո՞վ է ապահովելու նրանց անվտանգ վերադարձն ու ապրելու պայմաններն իրենց հայրենիքում ու բնակավայրերում: Մի՞թե այդ սաֆարովյան ռեժիմը: Թե՞ հայ փախստականների խնդիրը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու նրա Մինսկի խմբի կողմից շարունակական մնալու են արհամարհված: Ի՞նչը կամ ովքե՞ր են ստիպում Ձեզ, որ Դուք Ձեր պատասխանի մեջ նորից <<մոռանայիք>> հայ փախստականների գոյությունն ու նրանց իրավունքները:
Մենք այդ երկրների և վերոհիշյալ միջազգային կառույցների պահվածքը գնահատում ենք բացահայտ կոռուպցիոն գործարք Բաքվի ռեժիմի հետ ընդդեմ հայ փախստականների, սրբապղծություն մարդկության հանդեպ, մեր այն նահատակների հանդեպ, որոնք զոհ գնացին արյունախում գազանին Բաքվում, Գանձակում, Նախիջևանում Գարդմանում, Շահումյանում, Բուդապեշտում:
Ու այս ամենից հետո Դուք պատրաստվում եք մարդակեր գազանի հետ նստել նույն սեղանի շու՞րջ և ի՞նչ քննարկել: Մի՞թե հանդիպում պլանավորողները դեռ հիմնավորումներ ունեն և Ձեզ կարողանում են համոզել դրանում:
Պարոն նախագահ, հորդորում ենք Ձեզ հարգել մեր նահատակների հիշատակն ու հայ փախստականների իրավունքները, պահանջում ենք հեռու մնալ միջազգային ուժերի ճնշման տակ տեռորիստի հետ սեղան նստելու և նրա հետ ինչ-որ մադրիդյան սկզբունքների քննարկման մտադրությունից ու դրանց իրողություն դարձնելու սին փորձերից:
Կոչ ենք անում Ձեզ նախահարձակ լինել և պետականորեն առաջ քաշել ու միջազգային ձևաչափերում քննարկման սեղանին դնել Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների իրավունքների վերականգման հարցը:
Մենք` Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներս, կանք ու պահանջատեր ենք, իսկ Դուք պարտավոր եք մեզ հետ լինել:
Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի նախագահություն



