Hetq.am-ը գրում է.

Իր պատմական հայրենիքի 90%-ը կորցրած ազգը պիտի որ անհեռատես ու շուտ խաբվող լինի: Իր պատմական հայրենիքի 90%-ը կորցրած ազգը պիտի որ ՍԽԱԼ հավատ, ՍԽԱԼ ազգային ռազմավարություն ու ԿԵՂԾ արժեքներ ունենա(ր):

Քաղաքակրթությունը մի քանի ոտանավոր խզբզելը չէ. ու ոչ էլ  քարի մեջ խաչ փորփրելը: Քաղաքակրթությունը նախ և առաջ քո հայրենակցի ու ազգակցի հանդեպ/հետ քո մարդկային հարաբերությունների ՄԱԿԱՐԴԱԿՆ է: Այսինքն՝ եղբայրություն, հավասարություն, արդարություն ԱԶԳԻԴ ՆԵՐՍՈՒՄ: Ինչքան էլ որ աշխարհի ամենամեծ ու ամենագեղեցիկ եկեղեցին էլ կառուցես, քոռ կոպեկի արժեք չունի, եթե երկրիդ օրինական ու ոչ մի օրենք չխախտող քաղաքացիների մի մասը ՆՈՒՅՆ սահմանադրական իրավունքները դեռ չունի:

Հայաստանցուն/հային հանեցին սովետական բարքերից, բայց ինչպե՞ս սովետական բարքերը հանես հայից: 70 տարի ամբողջ սերունդներ են վարակվել՝ քծնանքի, կաշառակերության ու խմբակային-պետական գողության սովետական մութ բարքերում:

Դեպի Հայաստան նորից ՆՈՒՅՆ ցուրտ ու գորշ քամին է սկսում փչել՝ Մաքսային միության նեո-խորհրդային քամին:

Սովետական նոմենկլատուրայում ձևավորված հայ քաղաքական ցեցերն ու իրենց կամակատարները նույն սովետական ոճով սկսել են հարձակումները հայաստանցու (մարդու ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ արժեքների մաս կազմող) տարրական իրավունքների ու ազատությունների վրա (universal basic human rights): Սառը պատերազմի ոճով Ռուսաստանի հայ վասալները սկսել են նորից Եվրոպայի «անբարոյական» արժեքների մասին շեփորել. ու նորից սովետա-գուլագային ոճով ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇԵՂԵԼՈՒ նպատակով ու ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ բռնելու եղանակով փորձում են զոհ դարձնել սեռական փոքրամասնությունների ԱՆՄԵՂ ու անշառ անդամներին:

Սա քաղաքական տրավեստիզմ է: Նեո-խորհրդային քաղաքական տրավեստիզմի նոմենկլատուրային այս ցեցերը ԻՍԿԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ խնդիրների բովանդակային ԼՈՒԾՄԱՆ մասին չեն խոսում: Այն է ա) անցում ընտրովի մարզպետի և մարզային ժողովի, բ) երկպալատ ԱԺ-ի ստեղծում, գ) հանքարդյունաբերության ՊԵՏԱԿԱՆ կառավարում, դ) արտագաղթի նվազեցում, ե) սոցիալական անարդարության խորքային պատճառ հանդիսացող օլիգարխա-կլանային տնտեսական համակարգի վերացում, զ)մարզերի քաղաքական կյանքը մեռցրած ՀՀ կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1)-ի վերացում և այլ նման կարևոր հարցեր:

Այս քաղաքական ցեցերի մյուս ԽԱԲԿԱՆՔՆ այն է, որ իբր թե «Արցախի անվտանգությունից» ելնելով են ցանկանում Մաքսային միություն մտնել:

ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մինչև այսօր ՈՉ ՄԻ միջպետական պայմանագիր չկա. բոլորը օդային խոսակցություններ են: Արցախը օլիգարխիայի ոսկե ձկնիկն է:

Միջազգային իրավունքի տեսանկյունից` ՀՀ-ն ԼՂՀ-ի հետ  կապող կամ միացնող ՈՉ ՄԻ օրինական/de jure  փաստաթուղթ կամ այլ հիմք ՉԿԱ: Միջազգային ամբիոններից «դեռ 25-30%-ն  էլ կգրավենք» ոչ դիվանագիտական, PR-ային հայտարարություններ անելով չէ: ՀԱՊԿ ԲՈԼՈՐ անդամ երկրները (ներառյալ ՀՀ-ն) Արցախը de jure ճանաչում են «հիստերիկ» Ադրբեջանի մաս: Դիպուկ է ասել Ս.Բաբայանը՝ «16 տարում մի ամբողջ հաղթանակ մաշեցրին»: Արցախի ընդերքը էժան ու անպատիժ կփորփրեն-կհարստանան ու կգնան:

Ամենահիասթափեցնողն այն է, որ հայ եկեղեցին (էլի՛) դարձել է այս քաղաքական ցեցերի կցորդը՝ Ռուսաստանի գողական տնտեսությունում հարստացած պզոների խաչերը «օրհնելու» նպատակով/հեռանկարով: «Բարոյական» հայ «հոգևոր հայրերից» ուշադրությունը ՇԵՂԵԼՈՒ համար հայ եկեղեցին էլ հեշտ թիրախ է գտել. նույն մի բուռ անշառ նույնասեռականների «վտանգը» ազգային արժեքներին: Իբր թե եկեղեցին  «հայրենասիրական գործեր» է անում: Հայ եկեղեցու ամենաբարձր պաշտոնյաներն արդեն, առանց ամոթի, նույնասեռականությունը համեմատում են քրեական օրինախախտում համարվող ինցեստի, պեդոֆիլիայի/մանկապղծության ու թմրամոլության հետ: Այս մարդիկ երևի «չգիտեն», որ ամենուրեք ինցեստ կատարողների, պեդոֆիլների ու թմրամոլների ՄԵԾ ՄԱՍԸ տարասեռական/heterosexual են:

Մի խոսքով, մի՛ խաբեք մարդկանց: Մաքսային միություն եք ցանկանում մտնել ՄԻԱՅՆ ու ՄԻՄԻԱՅՆ ձե՛ր նեղ խմբակային-օլիգարխային շահերի համար: Հայաստանի օլիգարխային իշխանությունները առանց ռուսաստանահայ օլիգարխիայի փողերի փուչիկի պես կպայթեն: Իսկ ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո պիտի ԿՈՆԿՐԵՏ քայլեր ձեռնարկեիք օլիգարխայի դեմ: Այսինքն՝ ԱԹՈՌԸ հաղթեց հայրենիքին: Բայց մինչև ե՞րբ:

«Բարոյական» Ռուսաստանում վերջերս Պուտինի դեմ ցույցի մասնակից ու Պուտինի քննադատ Միխայիլ Կոսենկոյին, որպես «հոգեկան հիվանդի», բանտարկել-փակել են հոգեբուժարանում, որի դեմ «անբարոյական» Եվրոպան ու Amnesty International-ն է բողոքել:

Մաքսային միության/Եվրասիական միության անդամ Հայաստանի մայրաքաղաք Պուտինոգրադում էլ կուժեղանա նեո-խորհրդային քաղաքական  ինկվիզիցիան` երկիրը «արտաքին վտանգներից» փրկելու պատրվակով: Այլախոհներին («կատակով») կոչ կանեն խարույկի վրա վառել, գենդերային  հավասարության «անարդար ու վտանգավոր» օրենքներին կփոխարինեն գուլագահոտ «քարոզչություններ արգելող» օրենքները, Կոմայգու մի քանի անմեղ տրավեստիտներին նորից կտանեն գուլագներ «բուժվելու»: Արևմտյան երկրներից հայերը «կվերադառնան» նեո-խորհրդային Հայաստան ու հայը խրոխտ կքայլի դեպի պայծառ ապագա՝ Սիբիրի խորքերում ու Ստամբուլի ծռմռված թաղամասերում՝ անգլուխ ձիավորի ձիու պես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել