Եվրահանձնաժողովը թույլատրել է Ուկրաինային Եվրամիության տրամադրած վարկի մի մասն ուղղել չինական արտադրության անօդաչու թռչող սարքերի պահեստամասերի գնմանը։ Այս մասին հայտնում է The Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ խոսքը 60 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով պաշտպանական վարկի առաջին տրանշի մասին է, որը կազմում է 5,9 միլիարդ եվրո։ Նախատեսված կանոններով՝ Կիևն այս միջոցներով կարող է գնել այնպիսի սպառազինություն, որի արտադրության հիմնական մասնաբաժինը պատկանում է ԵՄ-ի, Կանադայի կամ Մեծ Բրիտանիայի ընկերություններին։ ԵՄ դաշնակից այլ երկրներ նույնպես կարող են միանալ այս ծրագրին և գործընկերության համաձայնագիր ստորագրել Բրյուսելի հետ։ Ընդ որում, մնացած բոլոր պետությունների ընկերությունների մասնաբաժինը գնումներում չպետք է գերազանցի 35%-ը։
Այս կանոններից, սակայն, բացառություններ են նախատեսվում այն դեպքերում, երբ Կիևին անհրաժեշտ ռազմական արտադրանքը նշված երկրներում նմանօրինակը չունի կամ արտադրվում է ոչ բավարար քանակությամբ։ Հենց այս հիմնավորմամբ էլ Ուկրաինայի իշխանությունները դիմել էին Եվրահանձնաժողովին՝ խնդրելով թույլ տալ նախատեսված 5,9 միլիարդ եվրոյի մի մասն ուղղել չինական արտադրության ԱԹՍ-ների որոշակի բաղադրիչների ձեռքբերմանը։ Եվրահանձնաժողովն ու Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել թերթի այս տեղեկությունը։
Ինչպես նշում է պարբերականը, Եվրահանձնաժողովի այս որոշումը փաստում է, որ Եվրամիության ռազմական արդյունաբերության մեջ դեռևս կարողությունների լուրջ դեֆիցիտ կա՝ չնայած Ուկրաինային զենք մատակարարելու միջոցով եվրոպական արդյունաբերական բազան հզորացնելու ձգտմանը։



