Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենի հետ։

Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում իրականացրած աշխատանքի, ինչպես նաև Հայաստան և Դանիա հարաբերությունների զարգացման, քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Դանիայի շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և հաջողություններ մաղթել դեսպանին հետագա գործունեության ընթացքում։

Դեսպան Անն Թովթ Սորենսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև իր առաքելության ողջ ընթացքում Հայաստանի պետական մարմինների կողմից ցուցաբերված արդյունավետ համագործակցության և աջակցության համար՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը նպաստել է համատեղ նախաձեռնությունների առաջմղմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան և Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ընթացքին և դրա ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվել է բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցային ներուժի առավել արդյունավետ օգտագործումը՝ դանիական առաջատար փորձի և նորարարական լուծումների կիրառմամբ։

Զրուցակիցներն ընդգծել են փոխայցելությունների շարունակականության, գործարար շրջանակների միջև անմիջական կապերի ակտիվացման և նոր տնտեսական նախաձեռնությունների խթանման կարևորությունը։ Այս համատեքստում շեշտվել է նաև Հայաստանի տնտեսական կապերի ընդլայնման նշանակությունը Դանիայի և Եվրոպական միության անդամ մյուս երկրների հետ՝ ի նպաստ փոխշահավետ համագործակցության խորացման և նոր ներդրումային հնարավորությունների ձևավորման։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել