Հունիսի 7-ի ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում։ Այս մասին Սահմանադրական դատարանում քաղաքական կուսակցությունների հայցով ընթացող դատավարության ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
Նրա խոսքով՝ այս գործընթացն աննախադեպ էր թե՛ մասնակիցների թվով, և թե՛ ներկայացված փաստերի ծավալով։ Դրմեյանն արձանագրել է, որ փաստերը վկայում են բազմաթիվ խախտումների մասին։ Դրանց թվում նա մատնանշել է նախընտրական արշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից տարածքների վարձակալության հետ կապված մեքենայությունները, ինչի շնորհիվ «ՔՊ»-ին հաջողվել է թաքցնել ծախսերի զգալի մասը և չգերազանցել նախընտրական հիմնադրամի սահմանաչափը։ Դրմեյանը մանրամասն կանգ է առել «ՔՊ»-ի կողմից հիմնադրամի միջոցները գերազանցելու թեմայի վրա։ Նրա խոսքով՝ «ՔՊ»-ի 588 գրասենյակներից յուրաքանչյուրում եղել է առնվազն մեկ աշխատակից։ Եթե հաշվարկենք նվազագույն աշխատավարձն ու հարկերը, կստացվի, որ «ՔՊ»-ին հաջողվել է թաքցնել 58 միլիոն 800 հազար դրամ, կարծում է Դրմեյանը։
Դրմեյանը հիշեցրել է, թե ինչպես էին Փաշինյանի նախընտրական արշավի շրջանակներում Հայաստանի քաղաքների փողոցներով երթևեկում սրտիկներով մեքենաները։ «Դրանք բոլորն առանց բացառության խախտում են օրենսդրությունը (քանի որ կահավորված են գովազդային վահանակներով), սակայն շարունակում էին շրջել փողոցներում, երբեմն նույնիսկ պարեկների ուղեկցությամբ»,- նշել է Դրմեյանը։ Նա հայտնել է, որ կուսակցությունն այս հարցով դիմել է ՆԳՆ։ Մայիսի 13-ին ուղարկված հարցման պատասխանը ստացվել է հունիսի 5-ին, որտեղ նշված է եղել, թե «դա անձնական տեղեկատվություն է»։
Կուսակցության ներկայացուցիչը հիշեցրել է նաև վարչապետի պաշտոնակատար և թեկնածու Փաշինյանի ագրեսիվ հայտարարությունները, որոնք ընտրողների մոտ տպավորություն էին ստեղծում, թե «ՔՊ»-ի հաղթանակի միակ այլընտրանքը պատերազմն է, ինչն էլ իր ազդեցությունն է թողել քաղաքացիների ընտրության վրա։ Նախընտրական արշավի ընթացքում տեղի ունեցած զանգվածային խախտումներին գումարվել են նաև ձայների հաշվարկի ժամանակ կիրառված զանազան մեքենայությունները, արձանագրել է Լիպարիտ Դրմեյանը՝ վստահություն հայտնելով, որ դատավարության ընթացքում ներկայացված փաստերից և ոչ մեկը չի հերքվել։
«Ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում»,- ընդգծել է Դրմեյանը։



