Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի ստորագրումից մեկ ամիս անց հայկական կողմը գաղտնի է պահում, թե ինչ աշխատանքներ են տարվում հուշագրով նախատեսված դրույթների իրականացման ուղղությամբ:
Դեռևս հունիսի 2-ին NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ուղղելով հուշագրին առնչվող և հանրությանը հետաքրքրող մի շարք հարցեր:
Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե ստորագրված հուշագրի շրջանակներում կամ դրանից անկախ՝ ամերիկյան կողմը (ի դեմս պետական մարմինների կամ մասնավոր ընկերությունների) դիմե՞լ է նախարարությանը՝ ընդերքի ուսումնասիրություն՝ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով։ Դրական պատասխանի դեպքում խնդրել էինք հստակեցնել, թե ո՞ր տարածքների կամ հանքավայրերի մասին է խոսքը։
Ինչպես նաև հետաքրքրվել էինք.
2. Արդյո՞ք ամերիկյան կողմից կամ նրանց հետ փոխկապակցված կազմակերպություններից ստացվել են հայտեր՝ շահագործվող հանքավայրերի լրահետախուզման և շահագործական հետախուզության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ՝ օգտակար հանածոների լրացուցիչ պաշարների հայտնաբերման, դրանց քանակի, որակի ճշգրտման նպատակով։
3. Հատկապես ո՞ր հանքանյութերի և հազվագյուտ հանածոների (օրինակ՝ լիթիում, մոլիբդեն, պղինձ և այլն) հետախուզման կամ արդյունահանման նկատմամբ է ամերիկյան կողմն առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերել։
4. Արդյո՞ք նախատեսվում է հուշագրի շրջանակներում ստեղծել համատեղ աշխատանքային խումբ կամ հանձնաժողով, որը կզբաղվի Հայաստանում հազվագյուտ հանածոների պաշարների գնահատմամբ և դրանց արդյունահանման ներդրումային ծրագրերի մշակմամբ։
5. Կա՞ն արդյոք հստակ ժամկետներ կամ հաջորդական քայլեր, թե երբ է մեկնարկելու հուշագրի դրույթների գործնական կիրառումը (օրինակ՝ երկրաբանական հետախուզական աշխատանքների կամ համատեղ ծրագրերի տեսքով)։
Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ ստորագրված հուշագիրն արտացոլում է երկու երկրների միջև նշված ուղղությամբ համագործակցությունը խորացնելու հետաքրքրվածությունը և սահմանում է այդ համագործակցության շրջանակը:
«Շրջանակային հուշագրին և վերջինիս նպատակներին եղել են հրապարակային անդրադարձեր, այդ թվում՝ ՀՀ վարչապետի կողմից ս.թ. մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում: Միաժամանակ հայտնում ենք, որ Հուշագրի շրջանակներում կոնկրետ ծրագրերի իրականացման վերաբերյալ հանրությունը ըստ անհրաժեշտության պատշաճ կիրազեկվի»,- ասված է կայքին ուղարկված պատասխանում:
Նշենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի հուշագրին և դրա շրջանակներում Հայաստանի ընդերքի ուսումնասիրությանը, Փաշինյանը նշել էր.
«Կան միներալներ, որոնք 40-50 տարի առաջ որևէ հետաքրքրություն չեն առաջացրել, բացի գիտնականից, իսկ այսօր նրանք էական նշանակություն ունեն տնտեսության, արտադրության և արդյունաբերության, արհեստական բանականության, տեխնոլոգիական ապրանքների արտադրության մեջ։ Եթե նկատել եք, հուշագրում խոսվում է Հայաստանի երկրաբանական ծառայությունների կարողությունների զարգացման մասին, որովհետև հիմա միշտ չէ, որ ընդերքը հորատումով են հետազոտում։ Արդեն տիեզերական տեխնոլոգիաներ կան, որ երկրի սքանավորմամբ նաև որոշակի տեղեր են տեղորոշում։ Նկատի ունեմ, որ, ըստ էության, Միացյալ Նահանգների հետ մենք աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ։ Եթե նույնիսկ նախկինում տվյալներ կան, դրանք չեն հետազոտվել, որովհետև որոշ նյութեր, հանքանյութեր, որոշ միներալներ 50 տարի առաջ արտադրական հետաքրքրություններ չեն ներկայացրել»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Հատկանշական է, որ թե՛ նախարարության պաշտոնական պատասխանում և թե՛ վարչապետի ճեպազրույցում այդպես էլ չհնչեց որևէ հստակ ձևակերպում, որը կպատասխաներ մեր կողմից բարձրացված ուղղակի հարցերին։
Հուշագրի տեքստից միայն պարզ է դառնում, որ հուշագրի ստորագրման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, Մասնակիցները մտադիր են ուսումնասիրել միջոցներ, հնարավորության պարագայում խթանելու պոտենցիալ նշանակալի ֆինանսավորման տրամադրումը յուրաքանչյուր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնց արդյունքում նախատեսվում է արտադրել վերջնական արտադրանք՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության գնորդներին մատակարարելու նպատակով։ Խոսքը վերաբերում է այնպիսի հանքանյութերի մատակարարմանը, «որոնք կարևոր են երկու երկրների արտադրական և պաշտպանական արդյունաբերությունների համար»։
Նշենք, որ Հայաստանի ընդերքը հարուստ է մոլիբդենով ու պղնձով, իսկ հազվագյուտ տարրերից են ռենիումը, սելենը, տելուրն ու բիսմութը (ինչպես նաև մեծ հետաքրքրություն ներկայացնող լիթիումը), որոնք կենսական նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության մեջ, սակայն վերջինների իրական պաշարների վերաբերյալ պաշտոնական հստակ տվյալներ առկա չեն:
Քանի դեռ հստակեցված չէ, թե կոնկրետ ի՞նչ հանքանյութերի նկատմամբ է ամերիկյան կողմը հետաքրքրություն ցուցաբերում, ռազմավարական այս գործարքի իրական արժեքը՝ թե՛ տնտեսական, թե՛ էկոլոգիական և թե՛ աշխարհաքաղաքական առումներով, լուրջ կասկածների տեղիք է տալիս: Կարդարանա՞ն արդյոք Վաշինգտոնի ակնկալիքները հայկական ընդերքի հարստությունից, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը: Սակայն գլխավոր հարցն այլ է. ի՞նչ գին է վճարելու Հայաստանը սեփական ընդերքի հարստությունն ամերիկյան պաշտպանական արդյունաբերությանը մատակարարելու համար, և արդյո՞ք այդ գինը չափազանց բարձր չի լինելու մեր պետության անվտանգության համար:



