Իրանը Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման երաշխիքներ է պահանջել՝ որպես Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայման։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ իրանական կողմը պահանջել է Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու երաշխիքներ՝ ստորագրված համաձայնագրի պայմաններին համապատասխան։ Նա հավելել է, որ ներկայումս միջնորդները աշխատում են այդ հարցի լուծման ուղղությամբ։
Աղբյուրը նշել է, որ նախատեսված բանակցությունները ժամանակավորապես հետաձգվել են Լիբանանի վրա իսրայելական հարվածներից հետո, սակայն չի հստակեցրել, թե երբ, միջնորդների ակնկալիքներով, դրանք կարող են վերսկսվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
Իսրայելական կողմը հուշագրի շուրջ բանակցություններին չի մասնակցել։ Շվեյցարիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է կայանային շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում, հետաձգվել են և հունիսի 19-ին տեղի չեն ունենա։



