Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնագրքի ընդունմանը, և ուզում եմ ընդգծել, որ այս օրակարգը, ըստ էության, պաշտոնապես արձանագրված է հենց Մայր Աթոռի կողմից։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։
«2011 թվականի նոյեմբերին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը․ «Մոտ ապագային կազմվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրություն (Սահմանադրություն), որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցին»։
Ըստ էության, ինչ է ստացվում․ Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելու 12 տարի անց դեռևս կանոնադրությունը համապատասխան, համապարփակ կանոնագիրքը չկա և 2011 թվականին ասում է, որ մոտ ապագայում դա կընդունվի։ 2011 թվականից էլ անցել է 14 տարի։ Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ և, ըստ էության, այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում և ընկալում չլինի և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում և հետևաբար շատ կարևոր է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Կտրիճ Ներսիսյանի հեռացումից և տեղապահի ընտրությունից անմիջապես հետո անցնի նոր կանոնագրքի մշակմանը և ընդունմանը, որտեղ հստակ, թափանցիկ կանոններ կգործեն, որոնք հասկանալի, տեսանելի կլինեն ոչ միայն հոգևորականներին այլ նաև հանրությանը, այսինքն կլինեն հրապարակային և մեզ՝ բոլորիս, պարզ կլինի, թե Եկեղեցին ինչ կանոններով, ինչ արժեքներով է ապրում և որոնք են դրանց նկատմամբ հանրային, և ոչ միայն հանրային, այլև ներքին վերահսկողության մեխանիզմները»,-ասել է նա։



