Հարց`

Բարև Ձեզ, ես 25 տարեկան եմ։ Արդեն տասը ամիս է, ինչ ամուսնացել ենք, բայց սեռական հարաբերություն չենք ունեցել ամուսնուս հետ: Ինձ մոտ  վախ է առաջացել  հենց առաջին ամուսնական  գիշերը, սկզբում  սեռական օրգանները  ընդհանրապես չէին խոնավանում կամ դժվարությամբ էին խոնավանում, համապատասխան խոնավեցնող կրեմներ էինք  օգտագործում։ Ամեն  անգամ առնանդամը մոտենալուն պես վախենում, ձգվում ու լարվում էի, իսկ ամուսնուս մոտ իմ պահվածքից առնանդամը կորցնում էր առաձգականությունը: Հիմա արդեն կրեմների կարիք չենք զգում. խոնավություն առաջանում է , բայց դեռ չեմ հաղթահարել վախս:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

Սեռական հարաբերությունից վախը /կոիտոֆոբիան/ կարող է  հանգեցնել վագինիզմի դրսևորումների՝ տեղի են ունենում հեշտոցամուտքի /երբեմն նաև կոնքի և ազդրերի/ մկանների ակամա կծկումներ, որն անհնարին է դարձնում սեռական անդամի ներհրումը հեշտոց: Այս իրավիճակը կարող է հանգեցնել ամուսնու մոտ էրեկցիայի կորստի կամ վաղաժամ սերմնաժայթքման: Խնդրի պատճառագիտությունը կարող է տարբեր լինել՝ սեռական դաստիարակության դեֆեկտները /չափազանց խիստ, սեռականի նկատմամբ վախ ներշնչող դաստիարկություն/, դեզինֆորմացիան, սեռական բռնության էպիզոդ: Դրան նաև նպաստում են անձնային առանձնահատկությունները՝  էմոցիանալ անկայուն, ներշնչվող հոգեկերտվածք: Պետք է ասել, որ վագինիզմը բարձր արդյունավետությամբ բուժվում է սեքսոլոգիական պրակտիկայում. անհրաժեշտ է չձգձգել խնդրի ավելորդ խորացումից  խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել