Armsport.am-ը գրում է․
Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է WOWfc մարտական պրոմոուշենի համասեփականատեր: Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի աստղը մեկնաբանել է նոր նախագծին միանալու իր որոշումը X սոցիալական ցանցում.
«Ուրախությամբ հայտնում եմ կարևոր նորություն. ես դառնում եմ WOWfc-ի բաժնետեր: Մենք կիսում ենք այն արժեքները, որոնց ես խորապես հավատում եմ՝ կարգապահություն, հարգանք, տոկունություն և կատարելության մշտական ձգտում:
WOWfc-ն ստեղծում է յուրահատուկ և հզոր մի բան, և ես հպարտ եմ միանալ այս նախագծին, որն օգնում է զարգացնել սպորտը և ոգեշնչել հաջորդ սերնդին»։
Հատկանշական է, որ կազմակերպության համասեփականատեր է նաև UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, 28-ամյա մարտիկ Իլիա Թոփուրիան։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ակումբի և հավաքականի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։